Էջ:Վերք Հայաստանի 180.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Երաբ ծունկ-ծնկի տված՝ ձեզ կասե՞մ.
«Ա՜յ, իմ խեղճ ծնողք, ձեր ջանին մեռնիմ»:


Աչքս ծով դարձավ ճամփին նայելով.
Մեկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով.
Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս:


Երաբ գետնի վրա դեռ սո՞ւգ եք անում,
Ձեր կորած որդուն կարոտ մնալով,
Թե՞ հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ՝ ա՜խ, ո՜խ քաշելով:


Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր.
Էլ իմ հավարիս ե՞րբ կհասնի աշխարհ:


Էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան,
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին.
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան,
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին:


Է՛ն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա, երեսս բարձին՝
Կամ խաղում էի, կամ մնում քնած:


Է՛ն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի,
Ճոճումն, ձեռներս ձեր ճտովն քցած՝
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի,
Նանիկ ասելով՝ թողեիք քնած:


Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ՝ ջրի ափը,
Էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի: