Էջ:Վերք Հայաստանի 181.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Լալիս՝ դուք լայիք ինձ հետ ցավելով,
Ծիծաղս տեսնելով կամ ձենս լսելով՝
Կանչեիք. «Արի՛, մոտս, Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջա՛նին դուրբան»:


Ա՜խ, էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլեր՝ ես է՛ն վախտն էի մեռել,
Ձեր շվաքի տակին, ա՜խ, քնել հողումն:


Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել.
Քարափից թե ցած կամ ջուրը ընկնիմ.
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել,
Ի՞նչպես ես հանդարտ էս հողը մտնիմ…


Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, աննմա՛ն Նազլո՛ւ,
Սիրտս խորովի անունդ հիշելով.
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, հրաշալի՛ Նազլո՛ւ,
Աղասին քեզ տա իր ետին բարով:


Սարերի դոշին, ձորերի միջին
Վա՜յ գլխին տալով քո խեղճ Աղասին՝
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած:


Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ, ա՜խ, որ հոգիս տամ,
Երբ մահն մոտանա սառը թևերովն,
Հոգիս պահանջե, որ տանի շուտով,


Էս դառն աշխարհիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանաց կերակուր անի.
Կամ երբ գետի ափն նստած, շվարած՝
Աչքերս նվաղին՝ թմբրած՝ սասանած,