Էջ:Վերք Հայաստանի 185.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս փետացած ձեռներովս խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ. «Մեռնիմ էլ, Ա՛ղասի ջան, հոգիս գլխովդ պտիտ կգա. ապրիմ էլ, ո՛րդի ջան, ջանս քո ուղուրին դրած ա: Հոգիս երկնքումն ըլի, մարմինս՝ քո առաջին, փիանդազ. շունչս վրես ըլի՝ դո՛ւ ես իմ սրտի մուրազն: Հող կդառնամ, հողս քե՛զ պտուղ կտա. ջուր կկտրվիմ, քո՛ հանդի, ծաղկի վրա կթափիմ. դրախտումն ըլիմ, քո՛ ծառի ճղքների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քե՛զ անուշ քուն կդնեմ. աշխարքումս ապրիմ, ջանս քե՛զ ղուրբան կտամ, թաք դու ծաղկիս, ծլիս, զորանաս, անումի՛դ մեռնիմ»:

Անումի՛դ մեռնիմ, արևի՛դ մեռնիմ, Ա՛ղասի ջան. մոր ազիզ պահած, հոր աչքի լիս, ո՛րդի ջան. Ալամ աշխարքի գոված, աստծու՝ սիրեկան, մարդի՝ դիրեկան. ջա՛նս քեզ մատաղ, Ա՛ղասի ջան. փուշ էիր տնկում, վա՛րդ էր քեզ դառնում. քարին էիր ձեռը տալիս, քա՛րը հոգի առնում: Մեկ հոգի ունեիր, հազար աղքատի սրտում. մեկ շունչ ունեիր, հազար հիվանդի բերնում. մեկ անուն ունեիր, արարած աշխարքի միջում: Երկու ձեռք ունեիր, մեկը ողորմություն տալիս, մյուսը՝ աչք սրբում: Երաբ, ո՞ւմ մեկ թթու խոսք ասեցիր, որ ինձ անիծեց. ո՞ւմ վրա դուռը հետ արիր, որ ինձ վա՜յ տվեց. ո՞ւմ վեր ընկած տեսար, անց կացար, որ մորդ գլուխը լաց էլավ. ո՞ւմ կաթը կերար, որ քեզ լեղի դառավ. ո՞ւմ ձեռին մեծացար, որ գիշեր-ցերեկ քեզ չօրհնեց. ո՞ւմ ծնկան վրա քնեցիր, որ երեսիդ քրտինքը տեսնելիս՝ հազար անգամ աչքը երկինքը չքցեց, արատասունքը երեսիդ չթափեց ու իր մեղավոր բերնովը չասեց.

— Փառքդ շա՜տ ըլի, ա՛րարիչ աստված. դո՛ւ տվիր՝ դո՛ւ պահիր, իմ կյանքս ա՛ռ, սրա վրա դի՛ր, սրան մեկ փորձանք գալիս՝ ի՛մ աչքը հանիր: Թուր պետք է սրան դիպչի՝ ի՛մ սրտումը առաջ ցցվի. կրակ պետք է սրան էրի՝ սֆթա ի՛նձ փոթոթի. սրա աչքը ցավելիս՝ ի՛մ աչքը դուս գա: Թա՛ք ըլի, սա, ո՜վ երկնային թագավոր աստված, զորանա՛, մեծանա՛, իր մուրազին հասնի՛: Հաց չունենամ՝ դռնեդուռ կընկնիմ, սրան կպահեմ, գլուխս կծախեմ, եմ թողալ սրան ուրըշի ձեռին մուհդաջ, որ թաք, ես մեռնելիս, սա՛ իմ երեսիս հող քցի, սա՛ իմ աչքս խփի, սա՛ իմ գերեզմանս օրհնի, իմ օջախի սինն ու ճրագը սա՛ դառնա, որ իմ հիշատակը աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չհատնի, չպակսի:

Ա՛ղասի ջան, ծուխս հատավ, կտրվեցավ, տունս քանդվեց, հիշատակս քո՛ռ էլավ, հիմքս՝ տակ ու վեր. աստղս խավարեց, իմ փայ արեգակը վաղուց մեր մտավ, իմ փայ երկինքը վաղուց փուլ էկավ: Ինձ համար էլ լիս չի՛ բացվում, ինձ համար էլ աղոթարանը չի ծեգում. օրն ինձ համար՝ գիշեր, գիշերն ինձ համար՝ տարտարո՛ս, դժո՛խք: Վաղուց