Էջ:Վերք Հայաստանի 19.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հո չի՛ վերցնի: Տո՛, մեկ արի՛, ձեռս բռնի՛ր, հոր պես ինձ սիրտ դի՛ր, ինձ անուշ լեզվով մխիթարի՛, ետո հոգիս էլ հետը հանի, է՜. թե որ չտամ, պատժի գամ: Մեկ հացկերույթ ըլելիս՝ սուփրի գլխին ինքն ա նստում, հինգ մարդի ղդար հաց ուտում, տկի հոտն առնելիս՝ փորը ղլվլոց ընկնում: Տո՛, քո տունը չքանդվի, քո տունը, հո սոված չմեռա՞ր, ա՛յ խանի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մարդի փորը հո դժոխք չի՞, որ իրան ուտի:

Սար ու ձոր՝ տերտերի փոր. ի՞նչ ղորդ են ասել, է՜: Բերնին ղուրբան, ով էս խոսքն ասել ա: Ավետարանի կողքումը պետք է գրած, որ սրանք կարդան ու իմանան: Քիչ ա մնացել, որ մեզ սաղ-սաղ ուտեն: Երեխեքներս չոբան դառած ման են գալիս, նրանց դարդը չեն քաշում, որ մեկ այբբեն էլա, մեկ ճզի-բզի սովորցնեն, հենց իրանց ֆիքրն են քաշում: Էդպես հո չի՞ ըլիլ:

Ղորդ ա, կարդալ-մարթալ չե՛մ գիտում. էշ կերել եմ, էշ մեծացել: Ես ի՞նչ գիտեմ՝ տերտերն ի՞նչ ա, ժամն՝ ինչ: Էդպես բաները էս հաստ գլխումը, հազար տարի էլ ասեմ, մեռնիմ, կտրիմ, ոտներս քարեքար տամ, տուն չի՛ գնալ, տո՛ւն: Պարտականը նա ըլի, որ ինձ կարդալ չի սովորցրել, ամա բանը մենակ կարդալումը չի՛: Ինչ կուզե ասեն, ես իմ կոպիտ գլխովը էնպես եմ կարծում. նհախ տեղը՝ դատած մալը ուտիլը ու դարտակ քնիլը հարամ ա: Մարդ պետք է ինքն էլ աշխատի, որ կերածը հալալ ըլի:

Էս լսողն էնպես կիմանա, թե մեր Աղասին մեկ սարսաղ, անհոգի, անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի կարդացողներին էսպես քարկոծում, պախարակում էր ու էլ միտք չէ՛ր անում, թե նրա՛նք են Քրիստոսի կենարար մարմինն ու արինը ճաշակում, ծառա եմ նրանց սուրբ զորությանը: Նրա՛նք են մեր հոգու տերը, մեր մեղքը սրբող-մաքրողը: Նրա՛նց է տված երկնքի ու երկրի իշխանությունը, որ արքայության դուռը մեզ համար բանան կամ փակեն: Նրանք որ չըլին, մեր հոգին դժոխքումը հուրն-հավիտենական իսրի պուճախումը հա՛ կտանջվեր, հա՛ կտանջվեր ու սատանեքանց փայ կըլեր: Մազե կարմնջովը անց կենալիս՝ տեղը թե նրանք մեր ձեռը չի բռնեն, անդունդը կթափվինք, ու ամեն մեկ մեր թիքեն հազար սատանի ճանկը կընկներ: Ինչ ուզում ես՝ խոսի՛ր, արա՛, ձեռդ ո՞վ <ա> բռնում, ամեն մարդ իր գլխի տերն ա, ամա էսպես բանի վրա խոսողի ատամները պետք է ջարդած, որ խելքը գլուխը գա:

Ի՞նչ անես, էշ գեղըցի ըլելով՝ գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ո՛չ վարպետ էր տեսել, ո՛չ վարժատուն, ձիու տակը սրբելուցը, մաճը բռնելուցը, հանդը վարելուցը ու կատեպանությունից ավելի ո՛չինչ