Էջ:Վերք Հայաստանի 192.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարպետ գործում ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում: Էլ ի՞նչ ասիլ կուզի, որ տան պես աղջիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս կամ երեսները կալնում: Մեկ տան պես, ում օբեն մտնեիր՝ թուշ էր, որ վարդի պես փայլում էր, աչք էր, որ մարդի խելք տանում էր: Է՛ն օդի ու ջրի, է՛ն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլեր բաս: Հայտնի բան է, որ ֆորսի ու, շատ անգամ, գողի ու հարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը, ու սպանած կամ բռնած ժամանակը մեկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին: Ղոնաղ պատահեր՝ էստեղ պատահեր: Շաբթով, ամսով էլ չէին թողալ հեռանա. ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չոբանի թութակը, գառան, ոչխարի ու տավարի ձենն ու բառանչը ամեն մարդի ուզում էին ասեն. «Թե դրախտ ես կամենում, է՛ստեղ կաց, է՛սպես կաց. սիրտդ՝ անմեղ, միտքդ՝ հիստակ»:

Չե՛մ կարող ասիլ, թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը բաց չի արեց. քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր, կհանգչեր, ո՞ւր մնա նրա սիրտը: Բայց Աղասու գլխին դեռ չար հրեշտակ էր պտտում, ու ինքը՝ ողորմելին, չէ՛ր իմանում: Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ-մայիլ: Իլահիմ որ իմացան նրա պատմությունը, ամեն աչք ուզում էր նրա՛ համար բացվի, ամեն բերան՝ նրա՛ն իր շունչը տա: Ում որ մեկ ծաղիկ չէր թավազա անում, աչքը արտասնքով լիքը՝ ուզում էր ձեռի տեղակ սիրտը դեմ անի, քթի տեղը հոգումը դնի նրա տված ծաղիկը: Ով մեկ անոշ թիքա ուներ, նրա համար էր պահում. մեկը սե՛ր էր նրա առաջին դնում, մեկը՝ ձվածեղ, մեկը՝ գառան միս, մեկը՝ պախրի խորոված: Շատը նրան ղոնաղ կանչելիս՝ գառն ու ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնին: Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան: Աղջկերքը որ չէին դաստա-դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր, թե տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր:

Բայց Մուսեն, ջիվան Մուսեն. ո՛չ Նազլու ուներ, որ դարդ անի, ո՛չ հեր, որ բանտումը տանջվի. մեկ ջահել մեր ուներ, էն էլ էսօր-էգուց էր ընկել, որ մեկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի: Բոյն էկել, շիշակացել էր, չինարի դառել. բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել. թուխ-թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս, հենց իմանաս, հրեշտակ ըլի թևով խփում: Տասնըվեց տարին անց էր կացել, դեռ նա ծուռն աչքով մեկի երեսի չէ՛ր մտիկ արել: Բազի վախտ, մեկ քող կամ սպիտակ լաչակ տեսնելիս, ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը