Էջ:Վերք Հայաստանի 193.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտասունքը կոխում, ուզում էր սար ու ձոր ընկնի, գլուխն առնի, կորչի: Ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր: Բազի վախտ, էնպես գիտես, թե նրան վեր ըլին քաշում: Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես, թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի. «Մո՛ւսա ջան, քնի՛. ես աչքդ կկպցնեմ, երազումդ հետդ կխոսիմ, որ զարթնիս, գյում կըլիմ, չունքի վախտը չի՛ հասել, որ դու քո նասիբը գտնիս: Ինչ որ ճակատիդ գրած ա, էն պետք է ըլի»: Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր, թե հրեշտակները մոտիցը նոր թռան: Նա չէ՛ր իմանում, թե սերն ա էս, որ քիչ-քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում:

Մեկ օր էլ էսպես, մեկ ծառի տակի քնած տեղը, երազում մեկ թաս գինի բերին, դեմ արին նրան ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած, կամաց ձեն տվեց.

— Մո՛ւսա ջան, յա խմի՛ր էս թասը, յա ինձ սպանի՛ր, իմ կյանքս քո ձեռին ա: Հերնըմեր չունիմ, ընկել եմ մեկ անօրեն տաճկի ճանկ: Ղարսա սարումն ա մեր օբեն, թե սիրտ ունիս, թե աստվածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի՛. չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կյանք չե՛ս տեսնիլ: Մո՛ւսա ջան, գնում եմ, դու գիտես: Արի՛, թե չէ, էս ա, քսան օր ա, ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում: Ինձ երազումս ասացին, թե դո՛ւ ես իմ ազատողը:

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ, թե ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին. ու արեգակի շողքը երեսը սղալելով՝ ուսուլով սարի քամակը անցավ: Ուզում էր խոսա, ձենը չէ՛ր դուս գալիս. ուզում էր վեր կենա, ոտն ու ձեռը չէ՛ին զորում: Թութակի ու շվու ձենն էլ որ անկաջը չընկավ, էլ ետ աչքը խփեց: Ա՜խ, ի՞նչ կըլեր, ջահելությունը նրան չէ՛ր էսքան հաղթել, սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել:

Մութը գետինն աոավ: Մատդ որ կոխեիր մարդի աչք, չէ՛ր տեսնիլ: Ամպերը սարերիցը գլխները բարձրացրին, ոտները կտրեցին. չանկ ու դուման սար ու ձոր բռնեց: Հենց գիտես՝ հազար վիշապ բերանները բաց արած, գալիս են, որ սար ու ձոր կուլ տան: Կայծակը էստեղ-էնտեղ որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան, թե ի՞նչ խաբար ա. տավար, ոչխար աղալի մեջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լավ գիտեին, որ գողի, հարամու, ջանավարի ղզղուն վախտը հենց էս ա: Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ո՛վ ոտ ուներ, փախավ, ո՛վ աչք ուներ, փակեց. օղլուշաղը ալաչուխի տակն արեց, ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա բան տեսնի, ու հենց ոտի վրա՝ ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին, թե վերջըները