Էջ:Վերք Հայաստանի 194.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչ կըլի, ի՞նչպես կլուսանա: Մեկ բարակ կարկուտ, անձրևի հետ խառը, էկավ, վրըներովն անց կացավ: Երկինք, գետինք սկսեց կրակվիլ: Կայծակը որ չէր ղամշում սարերի գլխին, ուզում էին, թե հազար գազ խոր գնան: Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի ու հոգին տա: Ճրագ չկար, որ մարդ տեսնի. ձեն մարդի անկաջ չէր հասնում:

Աղասին պատռեց գոռալով, Մուսի անունը տալով, բայց ջուրը տանի նրա մորը. նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ի՞նչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի: Աղասու ընկերքը ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց. հարիր տեղ թվանք քցեցին, ու ո՞րքան էր նրանց ահն ու երկյուղը, երբ որ իմացան, թե նրա թվանքն էլ վրեն չի՛: Աղասին մահվան դուռը գնաց: Ամպն էլ ետ դառավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին: Ընչանք ծեգը բացվեց, օձերը ծնեցին, ու ո՞վ նրանց հալը կարա պատմիլ, երբ էկան տեսան, որ ջիվան Մուսեն՝ արնի միջումը շաղախված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մեկ ահագին քաֆթառ նրա դոշին նստած, Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց, որ թուրն իրանց սիրտը կոխեն. որ ձեն չտվին ու վա՜յ տվին, հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց.

— Աֆա՛րիմ, լավ վախտի եք գալիս. էկե՛ք, կուռս հանեցե՛ք. ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը. ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ:

Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ: Վրա թռան, քաֆթառին դեն քցեցին, ու Մուսեն որ կուռը չհանեց, կեսը, հենց բռնի՛ր, ծամած էր: Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս: Էնպես գիտում էր, թե է՛ն կյանքիցն ա վեր էկել: Սարըցիք էլ էս ջիվան, իգիթի սիրտը տեսնելով՝ մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց է՛ն էին խոսում:

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը՝ ղարարը: Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում. օրն էր մեր մտնում, նրա ցավերն էին նոր ի նորո բացվում: Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել: Գիշեր-ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսն ու երազը է՛ն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր: Ծառերն էին սլսլում թե ջուրը քչքչում, քամին էր փչում թե հովը հնչում, նա ո՛չինչ ձեն չէր իմանում, ո՛չինչ չէր տեսնում, եթե ո՛չ՝ իր սիրեկանի երկնային դեմքը:

Հսկայն Աղասի, որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների