Էջ:Վերք Հայաստանի 198.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է է՞րված: Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես: Վե՛ր կաց, էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՛:

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում, թե իր մեծահոգի բարեկամի ո՞տներն ընկնի, թե՞ ձեռը համբուրի: Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս, որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում. բերանը փակվում էր, պապանձվում, որ ձեն տա. «Ա՛ղասի ջան, յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր էստեղ. յա ասածս արա, իմ մուրազին հասցրո՛ւ. Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր. նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ. նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ: Դո՛ւ ես իմ տերը, իմ աստվածը. իմ ձեռս քո փեշն եմ քցել. յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ-սաղ չէրես, չփոթոթես»:

Էսպես՝ որ ձեռք-ձեռքի ետ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու զլուխը դոշին կպցրած՝ քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ, որ սաղ գիշերը չէին քնել դարդու, ուրախ-ուրախ վազեցին առաջ, հենց իմացան՝ արեգակը նոր ա բացվում, էկան, էրկուսին էլ մեջ արին ու չադիրը գնացին: Սարըցիք էլ ուզում էին, որ ուրախությունիցը հոգիները տան:

Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած՝ չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ-ասպաբ հազիր անեն, որ էն գիշեր դուս պետք է գնան: Չէ՛ր ուզում, որ մարդ իմանա. վախում էր, թե իրան բռնեն, չթողան: Էն իրիկունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա, որ նրանք ո՛չ նրա միտքը իմանան ու, թե փախած ըլի, չասեն, թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց: Էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ: Շատ էին նրան աղաչել ու լալով ասել, թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին.

— Մենք գիտենք, թե ի՞նչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա, թե հայի ազգումն էլ սիրտ կա, հայումն էլ ռաշիդ տղամարդին աստծու տեղ պաշտիլ գիտեն:

Էս իրիկուն էլ գլխին ժողոված մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար