Էջ:Վերք Հայաստանի 207.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տերտեր էլ կար, տիրացու էլ: Սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը, հազար տարուց ավելի, որ ո՛չ ժամ էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ, թե իրան երևելի, շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ հայ ազգը էլ չհավատա, թե իրան աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի՛ կարող նրա միջումը կենալ: Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ: Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին:

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած: Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ: Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ՝ էնքա՛ն նոր, էնքա՛ն պայծառաշեն ու անբնակ: Կարդալ չէ՛ր գիտում, որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի. տերտերին որ չի՛ կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ.

— Վա՜յ իմ օրին, արևին. մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել,—ասեց հսկայն լալով:— Չէ՛, տեր հա՛յր, մեզ աստված ա բերել էստեղ. աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվե՛ց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք. էն աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի. հարամություն հո չե՞նք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, աստուծո ստեղծվածը ազատում: Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից: Հարըրից ավել ենք հիմիկ: Ի՛նչ ձեռք ենք քցել, ձեզ ըլի: Մնա՜նք էստեղ. յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ-քիչ նրանց քաղաքն էլ ետ պայծառացնենք: Տուն կա, ջուրը՝ բոլ, հանդը, դաշտը՝ մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք. Քարի տակիցը ռզղ կհանեմ, ձեզ կպահեմ:

Բայց՝ թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին: Կռվում, ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տո՛ւր, նրան ուրիշ բան մի՛ ասիլ: Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա:

— Իմա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կմնա՜: Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի: Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա, էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի: Խազար տարի խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի: Մենք չընք կենա, չընք գինա: Ինչ կասես՝ ասա՛: Մենք մեր խողը չընք թողա:

— Չե՛ք թողալ, աստված ձեզ հետ: Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա: