Էջ:Վերք Հայաստանի 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջլիս կամ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը ու քեֆ շհանց տվողը:

Նրա սուրահի բոյը, նրա թուխ-թուխ աչքերը, նրա ղալամով քաշած ունքերը, նրա աննման, գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը, նրա լեն թիկունքը, բարձր ճակատը ու ոսկեթել ճալվերը մարդի խելք էին տանում. տեսնողը մաթ էր մնում, չէ՛ր կշտանում: Սազը ձեռն առածին պես՝ քարին, փետին շունչ, հոգի, լեզու էր տալիս: Ղորդ ա, արևն երեսն էրել գունը փախցրել էր, ամա ծիծաղելիս որ աչք ու ունքը չէ՛ր բաց անում, հենց իմանաս՝ վարդ է բաց ըլում, երեսիցը լիս վեր թափում: Նրա թվանքի գյուլլեն դարտակ չէ՛ր անց կենալ: Սիրտն էնքան բարի էր, որ նհախ տեղը ղուշ էլ չէ՛ր սպանիլ. մռջիմը չէ՛ր կոխիլ, ամա հարամի թշնամու ձեռին տապակվելով գիշեր-ցերեկ, որ թե էնպես էր պատահում, որ թուրքերն էկել էին, բաղը լցվել, կամ իրան սպանիլ, կամ իր հարևանին, էն ժամանակը երկնքումն ըլեր, վեր կգար, գեղի էն կողմիցը ձեն տային, իսկույն ական թոթափել հազիր էր, ու թե բառով բանը չէ՛ր վերջանում, էն ժամանակը նա իրան թրի, թվանքի ու կռան հունարը էնպես էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած կամ նրա ձեռին, հնձանի տաքարին ղուրբան ըլում, որ թաղում, ծածկում էին, չունքի հազար անգամ էին փորձել, վարավուրդ արել, թե մինչև տաճկին չծեծես, քեզ բարեկամ չի՛ դառնալ:

Էնքան ղվաթով էր, որ ձեռը մեկ տղամարդի գոտիկը որ չէ՛ր քցում, հավի ճուտի պես բարձրացնում, գլխի ծերն էր հանում, պտիտ տալիս, էլ ետ վեր բերում: Ձին նի ըլելիս որ ձեռը չէր բարձրացնում, ասլան ձին կզանում էր ու մեջքը դեմ անում: Հինգ մարդ վրա թափեին, բռանց ձեռը կոլորեին: Գոմշի կամ եզան բողազը մեկ թուր խփելով է՛նպես դուս կտրում, որ թրի ծերը գետինն էր խրվում: Շատ անգամ քսան հարամի հենց թրի ոռքով էր հետ ածում: Թուրքերը նրա անունը լսելիս լեղապատառ էին ըլում: Շատ անգամ, կռիվ քցած վախտը, հենց նրա ձենն իմանում էին թե չէ, ճանճի պես ցրվում, դես ու դեն էին կորչում, գյում ըլում: Ավելի անունը Ասլան բալասի էին դրել: Ձեռներն էլ կապած որ հարամու, թուլու մեջ բաց թողեիր, կարող էր, որ իր գլուխը պրծացներ:

Բայց է՛սքան զարմանալի հատկությունները ունենալով՝ էլի երեխի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ: Խանի, շահի առաջի էնպես էր կանգնում, ջուղաբ տալիս, որ, հենց իմանաս, թագավորի որդի ըլի: Ծիծաղն ու խնդությունը նրա երեսիցը պակաս չէ՛ր հարկիզ. է՛նքան պարզ էր նրա սիրտը, է՛նքան հանգիստ՝ նրա խղճմտանքը, է՛նքան արդար՝ նրա հոգին: Նրա ամեն մեկ խոսքը անգին ջավահիր էր: