Էջ:Վերք Հայաստանի 210.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանգնել ես էդպես, գլուխդ ամպին խփած՝
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած.
Ի՞նչ կըլեր, Մասի՛ս, ա՜խ, դեռ աչքդ բաց
Սրի չտայիր քո որդիքն էրված:


<9>


Արեգակն սկսել էր, որ մեր մտնի: Մութն էն ա գետինը առավ:

Էսպես նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին ու իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ: Հինգ հարիր ձիավորից ավելի՝ թարաքյամա, քուրդ, Ղարսա դզիցը հազարից ավելի քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով՝ սարիցը ձորն արին, որ տանեն Երևան՝ յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն: Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել: Ամեն մեկ ձիավոր մեկ ջահել տղա կամ աղջիկ գավակն էր առել, ձեռն ու ոտ հազրել, որ էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի: Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզըկուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը չանի:

Էնքան կացան, որ թշնամիքն էկան, գետի ղրաղին վեր էկան, թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին, որ ինչ բեզարած, հալևոր, պառավ մարդ ու կին կա, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին, կարգավ չոքացնեն, որ իրիկնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն:

Էլ չթողին էլա, որ հեր ու որդի, յա մեր ու աղջիկ, իրանց ետին բարովն ասեն, իրար մի համբուրեն, մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով՝ հրամանը կատարեցին ու բերին, ողորմելիքը իրար մոտ չոքացրին:

Աստված ո՛չ շհանց տա, ի՞նչ նրանց քոռփա էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում, գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլա, իրանց հորնըմոր երեսը յա ձեռը համբուրեն, բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած: Ողորմելի ծնողքն էն հալին էլի է՛ն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան