Էջ:Վերք Հայաստանի 214.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէին ուզում թամաշ անիլ: Աստուծո աչքը որ քաղցր լինի, մատաղի գառը իրան ոտովը կգա դուռդ՝ ասած ա: Հենց էս օրինակին բանը պատահեցավ. քաղաքը մտնիլն ու Հասան խանի ձիուց վեր գալը, չադիր խփիլը մեկ էլավ: Ղզլբաշի սովորությունն ա՝ ձիուց վեր էկավ թե չէ, թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կտա՝ չորս-հինգ մեկ գյադի ձեռք տված, ինքը, թե նամազի վախտ ա, նամազը կանի, թե հացի՝ ղայլանը կքաշի ու հացի կնստի ծալապատակ: Էս անգամ երկուսի վախտն էլ էր. Ճամփից էկած, ջարդված՝ քսանը մեկ տեղ, հարիրը՝ մեկել, յափունջին փռեցին, կոլոլ քարըները ու սանդրիրը՝ ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին, ու, հենց իմանաս, սև-սև հոգիք են, լեզու, բերան փակած՝ բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ ետ գլխըները վեր քաշում, էլ ետ երեսի վրա ընկնում, գդակը գլխըներին, ետո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթըների առաջին էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, ետո ձեռըները ծնկների վրա դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ ետ չոքում, գլխըները գետնին կպցընում: Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես, ամեն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղոթքի զորությունն զգում ա, բայց մի բառ էլա չի՛ հասկանում, չունքի բոլոր աղոթքները արաբերեն ա:

Հենց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց, որ տեղըներիցը չեռան. թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ: Մեկ-երկուսի փորը տեղնուտեղը վեր ածեցին. որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին: Աղասին դզլբաշի միջումն մեծացած՝ գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը <չի>: Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձեն չէկավ, իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե-քարափ էկան, քաղաքին մոտացան: Շատը ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին. իրանց մարդիկն էին կարծում, որ էնպես վախտին ֆորսի են ման գալիս, որ բերեն, խաներին, բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնեն: Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջանները դող ընկել. էլ վախտը կորցնիլ չէ՛ր հարկավոր, թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր: Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր, ձիանոնց անկաջը մտած՝ թոզին, փափախին անելով գալիս էին:

Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար: