Էջ:Վերք Հայաստանի 219.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ ետ իրանց հողը մտան, ա՜խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց: Փաշի կողքին, հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես, քառացել էր: Հազար անգամ շուռ էկավ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում: Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն, ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ. թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը՝ Անու վրա, ու գոռաց.


Յա ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային ստեղծող բարերար.
Յա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մոտ տա՛ր,
Յա քո երկընքիցդ արա՛ ինձ մեկ ճար:


Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
Էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ:


Աչքե՛ր, քոռացե՛ք, բալքի թե էլ բաց
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած.
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
Հողս էլա հողին չմնա կորած:


Թո՛ղ հոգիս դժոխքը գնա՛, խորովվի՛.
Իմ սուրբ նախնյաց տեղ՝ իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի, քո ծոցումն, ինձ դրախտ պետքը չի՛:


Թո՛ղ էն անեծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ.
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարոտիլ:


Սուրբ Երզնկացի, սուրբ Երզնկացի,
Պարծեցի՛ր, թե ես չեմ շինիլ Անի.
Անեծքդ էն վախտը թրի, կայծակի
Պես թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի: