Էջ:Վերք Հայաստանի 232.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՜խ, էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում… Ա՜խ, բաս Աղասու սուգն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի: Ե՛ս, ես, ողորմելիս, նրա գերեզմանին ղուրբան… Ա՜խ, բաս նա, որ ինձ էնքան էրեխա ժամանակս իր ծնկա վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուգը չանեմ: Բաս սիրտս կհամբերի՞, որ էսօր չուզենամ էնպես հսկա, էնպես ազնի՛վ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ: Բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուգն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտ շարժի, էրի, խորովի: Նրա սուգ անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ:

Իրեք թուրք ջոկ էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել. ա՜խ, լե՛զու, լռվիս, ի՞նչ կըլի: Աղասին, հրեշտակ Աղասին. երկու խանչալ սրտումը ցցված, իրեքը քամակումը, ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու-փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած, որ սրբազանը վրա հասավ: Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը, մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղնուտեղը ուսըվեր էին բերել, ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը՝ երեսին, ու ձախու ձեռն՝ էնպես փետացած, դոշի վրա ընկած:

— Վա՜յ, աչքս դուս գա, ա՜յ իմ ազգի ազիզ որդի. վա՜յ, մեր ճամփեն փուշ դառնար, ա՜յ ջիվան, ա՜յ մեր ախպեր, հայի զավակ. վայ մեր օրին ու արևին, Երևանա ճրագ, իմ պահած-մեծացրած, սիրուն Աղասի, քո արինն է՞ստեղ պտի թափե՛ր,— ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին, ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին՝ էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին՝ էն արնաթաթախ մարմնին, չէ՛ր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում.

— Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել: Տո՛, էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք, աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում:

Սի՛րտ, տրաքի՛, սի՛րտ. էլ չեմ կարում տանիլ. ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա, մնացածը էգուց կգրեմ:


<14>


Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը. էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սգալն ու մղկտալն,