Էջ:Վերք Հայաստանի 234.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ ժամանակ չմնաց, որ յա հորը ետ բերի, յա իրան մեկ չարա անի: Էլի աստված մեզ էր խեղճ եկել, որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, իրեքին սպանեց, մյուսները փախան: Քոռանա իմ աչքս, որ էսպես բան չէ՛ի տեսել: Հազար անգամ Աղասու հոր հացը կտրել, հետը քեֆ եմ արել: Բարիկենդանին էլ, որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի: Իմ որդիս, ա՜խ, իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել: Բայց ես լսում եմ, թե նա դեռ սաղ ա: Աստված, դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ո՛չ տեսնինք, երեսս ոտիդ տակն,— ասեց ողորմելին ու փեշն աչքերին դրեց:

Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման՝ բերդի չորս կողմը բռնել: Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարհն էկել, Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեիդը դուս բերելու, չունքի լսել էին, որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն, ու էսպես բան, էսպես տեսարան, Երևանումը դեռ առաջինն էր: Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին. ժանդարմեքը ճամփա էին բաց անում: Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին յա սպիտակ փրփուրն ա, կիտուկ-կիտուկ, քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում: Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում:

Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան, ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած, դուս էկան. ոտը շարժիլն ու սգի ձենը մեկ էլավ: Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ մրմնջում էր. սիրտ էր, որ էրվում, մղկտում էր. բերան էր, որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում:

Մեծ ա Անապատի հայաթը, բայց ռուս, հայ, թուրք, մեծ, պստիկ է՛նպես էին լցվել, որ շունչ չէր դուս գալիս: Տերտերներն եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռըներին՝ մտիկ տալիս, որ մեիդը ժամը տանին: Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել. շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն: Էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով, քանի որ ոտը խաղաղ էր, գլխին-դոշին վեր հատելով, մազերը պոկելով, «Սուրբ Սարգիս» ձեն տալով՝ հասավ, ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի: Աստվածասեր քահանեն՝ Տեր Մարուքը՝ Հովսեփ եպիսկոպոսի հերը,