Էջ:Վերք Հայաստանի 236.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վա՞թանն էր խարաբ էլել, որ խորթ մոր պես իրան գլուխը պրծացրեց, քեզ մահու տվեց, քե՛զ, որ հազար տարի անց կենա, էլ քեզ նման զավակ ո՛չ ունեցել ա, ո՛չ կունենա: Հինգ տարի բոլոր դո՛ւ էիր մեր դաշտերի, սարերի աստվածը, հազար գերի ու անճար քո՛ ձեռիցը իրանց կյանքը նորեն ստացան, բաս է՞նքան սիրտ էլա չուներ քո աշխարքը, որ մեկ սհաթ էլա քեզ պահեր, քո արևը էդպես շուտով չթո՞ղար մեր մտնի: Աչքերս Հասան խանը հանիլ տվեց. ոտ ու ձեռ նրան ղուրբան էլան, Ա՛ղասի ջան. երկինք ու երկիր ինձ համար հավիտյան խավարեցան, ջան ու զորություն վաղուց ինձանից ձեռք վերցրին, արեգակ ու լուսին վաղուց ինձ համար մեր մտան. ծնող, ազգական դեռ չե՛մ տեսել, որ սիրտս չէրվեր, բայց էլած շունչս էլ քե՛զ համար էի պահում, քառացած անկաջներս քո՛ ձենին էին հասրաթ մնացել, խավարած սիրտս քո՛ անունովն էր պայծառանում, մխիթարվում. քո անուշ ձենին էի մնում, որ մեկ լսեմ, հետո հոգիս տամ. քո լուսեղեն պատկերին էի կարոտ, որ մեկ գայիր, էն խավա՛ր զնդանին լիս տայիր, որտեղ ինձ պտի դնեին. էն սա՛ռը գերեզմանին շունչ տայիր, որ ինձ պտի ծածկեր. էն տեսնող-լսողին էրեիր, որ իմանային, թե դո՛ւ, դո՛ւ ես ինձ վրա սուգ անում, քո արևին մատաղ. հմիկ, ա՜խ, ի՞նչ կըլի, երկնքիցը մեկ կրակ ընկնի գլխիս, ինձ էրի, փոթոթի, կամ երկիրը պատռվի, ինձ նեքսև տանի. ա՜խ, ե՞ս պետք է քո սուգն անեմ, որ աչք էլ չունիմ. ե՞ս պետք է քո վրեդ գամ, որ չե՛մ էլ տեսնում. հո՞ղը պտի ըլի քո գերեզմանը, թե՞ սիրտս. մարդիկ են մենակ վրեդ լալի՞ս, թե՞ սար ու ձոր էլ. գիշե՞ր ա, որ քեզ թաղում են, թե՞ ցերեկ. արեգա՞կն ա աչքը բռնել, խավարել, թե՞ լուսինը. հրեշտա՞կք են քեզ շրջապատել, քեզ ողբում, թե՞ մարդիկ. երկընքո՞ւմն եմ քեզ հետ, թե՞ երկրումս, էդ սիրուն ջանիդ մեռնիմ, Աղասի՛:

Հերնումերդ առաջիս կանգնել, խնդում են, հրճվում են, քե՛զ են կանչում. թագ ու պսակ, լիս ու ծաղիկ քե՛զ վրա են վեր գալիս, քե՛զ պետք է զարդարեն. թագավոր ու նահատակ քո առաջն են եկել. բոլորը տեսնում եմ, բոլորի միջումն դո՛ւ ես արեգակի պես փայլում. բաս էս ի՞նչ տխուր ձեն ա, որ անկաջս ա ընկնում. բաս էս ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլում. բաս ո՞ւր ա Նազլուդ, ո՞ւր քո ջիվան երեխեքդ, որ թողել, գնում ես, չե՛ս հարցնում. բաս էս ի՞նչ քարեր են, որ չոքած տեղս ծնկերս ջարդում, մաշում են. չէ՛, վա՜յ իմ գլխիս, արևիս. դո՛ւ ես երկնքումը, ե՛ս, ե՛ս, ողորմելիս՝ միայն երկրումը, էս փո՛ւչ աշխարքումը, էս խավար տարտարոսումը, էս փշալից ձորումը, ե՛ս՝ առանց քեզ. Մոսին, ու ո՛չ Աղասին, մարմինն, ու ոչ հոգին. լաշը դարտակ, բայց ո՞ւր հրեշտակն: Քե՛զ հետ կյանք քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի. քո կողքին արևս