Էջ:Վերք Հայաստանի 245.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միտքն ա իրան խաբում: Մի քիչ էլ որ անկաջ դրեց, մեկ ուրիշ ձեն էլ ընկավ անկաջը, ու պարզ լսում էր, որ մեկ երեխա՝ ձենը փորն ընկած, հեկեկում էր:

— Նա՛նի ջան, նա՛նի. ա՛խր մի աչքդ էլա բա՛ց, ա՜յ քո չարը տանիմ: Մեզ ո՞ւր բերիր էստեղ. էս մեռելները հո մեզ կուտեն. մեր ճարն ո՞վ կըլի, որ դու էլ քնում ես, աչքդ չե՛ս բաց անում: Վե՛ր կաց, գնա՛նք տուն, քանի՞ լաց ըլիս, քանի՞. մեր ափուն հո կորել չի՞, էլ ետ կգա, ի՞նչ էս էդքան սուգ անում: Մեզ թաղի՛ր, նա՛նի ջան, մեզ մորթի՛ր, ջուրն ածի՛ր. մեզ հարամին կգա, կտանի, մեզ ի՞նչ կանես էս չոլումը: Նա՛նի ջան, նա՛նի. էդ սի՛րուն երեսիդ ղուրբան, ընչի՞ չես մեկ խոսք էլա ասում, ախր քո երեխեքը չե՞նք, ի՞նչ արինք, որ էդպես մեզանից նեղացար: Էլ քո սիրտը չե՛նք կոտրիլ, քո հոգուն մատաղ, թաք ըլի մեզ սիրես, մեզ պահես, մեզանից էլ չխռովիս:

Ա՜խ, էնպես զարհուրելի սհաթին ո՞ւմ անկաջն էս ձենն ընկնի, որ սիրտը չտրորվի, չխորովվի: Նազլուն էր, ա՜յ իմ սիրելի կարդացող, էս մերը, որ երեխեքը սուգ էին անում: Թե դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ, թե շինովի ա էս պատմությունը:

Սե՛րը, սուրբ սե՛րը, որ բալասանի պես կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պես կտրատում, սե՛րը, ի՞նչ ասես, որ չանի: Ի՞նչ կրակ կարա անսեր սիրտը տաքացնիլ. ի՞նչ ջուր կարա սիրով վառված հոգին դինջացնիլ, հանգցնիլ: Սիրով վիրավորված սիրտը ո՛չ հողից կվախենա, ո՛չ գողից. ո՛ չ ահ գիտե, ո՛ չ վախ. ո՛չ սրից երեսը կդարձնի, ո՛չ ջրից: Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը: Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ, բաս Նազլուն կարո՞ղ էր առանց Աղասուն կենալ, ասած խոսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՜լ: Ճշմարիտ սիրողի մեծ մուրազն հենց էն ա, որ իր սիրելու խաթեր մեռնի. Նազլվի սիրելին էր հողումը, է՛ն թագավոր տերը, է՛ն աշխարքի աչքի լիսը, բաս նա կարո՞ղ էր, առանց նրան, աչքը բաց ու խուփ անի՞լ կամ մեռած, գնացած շունչը երկար քաշի՞լ: — Գլուխը դրել էր գերեզմանի վրա, երեխեքն առել դոշի տակը, լիսն էկել էր, չորս կողմը բռնել, բայց ողորմած երկինքը դեռ չէ՛ր կամեցել նրա սուրբ հոգին առնի, ընչանք էն անմեղ էրեխեքանցը մեկ տեր լիս կընկներ: Նա էլ հո գլխըներին կանգնած էր: Մեկ ա՜խից ավելի էլ ո՛չինչ չիմացավ էս էկողը: Երանի՜ էն