Էջ:Վերք Հայաստանի 30.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նալնի են ման գալիս, էլ ո՞ւմ ասես դարդդ: Հերը որդին չի՛ ճանաչում, որդին՝ հորը, ախպերն՝ ախպորը, լավ ա, որ քարը քարի վրա կանգնած մնում ա: Մարդ ինքը պետք է լավություն անի, որ աստված էլ նրա բանն հաջողի: Էլի աստված օրհնի՛ մեր հողը, մեր ջուրը. էլի թե հոգի կա, հավատ, մեզանում ա: Ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, իրար թասիբ քաշե՛նք, իրար արևով խնդա՛նք. մեկ օր կմեռնենք, որ ողորմի չտան, գյոռբեգյոռ հո չե՞ն անիլ: Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կգա: Լավություն կանես՝ լավություն կտեսնիս, վատություն կանես՝ վատություն: Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա, էլի նրա ողորմին հա՛ կա, հա՛ կա: Թուրք ու հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում: Ճամփի վրի մենծ իգու անունը Հնդաստան ա հասել. էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց, որ անց կենողը գնա, նրա բարությունը վայելի: Չորս կատեպան ամեն առավոտ, ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին, ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում: Էն մեշա իգուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին:

Ի՞նչ պետք է տանինք էս փուչ աշխարքիցը. դարտակ էկել ենք, դարտակ կերթանք: Սաքի որ շատ էլ մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի պտի հողը մտնիմ: Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը: Լավ ըլիմ՝ լավ կասեն, վատ ըլիմ՝ վատ:— Տերտե՛ր ջան, քո ոտի հողն եմ, դրո՞ւստ եմ ասում, թե ծուռը: Գրի սևն ու սպիտակը չե՛մ գիտում, ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարքի բանը քննում: Ով չի՛ ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր գլխի տերն ա: Քեֆ սանն, քյանդ քյոխվանն (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը): Թուրքն անիծած ա, խոսքն՝ օրհնած:— Ի՞նչ կասես, տա՛նուտեր. թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկաջս քաշի՛. դու գիտես, որ քո չոռը ինձ համար ջան ա, քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ: Թե ճշմարիտը չե՛մ ասում, ասա՛. «Գլուխդ քարին ես տալիս»: Ես էլ ձենս կկտրեմ: Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա իմ ողորմածիկ, լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին: Ինչ որ խոսում էր, հենց իմանաս, թե ավետարանի կողքին գրած ըլի: Սաղ Աստվածաշունչը փորումն ուներ: Մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում: Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո՛, ջրի պես գիտեր: Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր, բերանները կցխեր, ճամփու կդներ: Աշխարքի էն դինիցն էր խաբար տալիս: Մեկ ժողովքարար մեր գեղը գալիս պետք է տափ կենար, որ նրա ձեռը չընկնի, թե չէ՛, աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած