Էջ:Վերք Հայաստանի 39.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ էնպես ալեկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված յա լսված: Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ: Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ ու գող շան պես վրվրթալով, սրսրթալով, հեթեթալով ետ թռավ գոմի պուճախն ու մնաց քար կտրած, սառած: Մեկ մկան բունը որ հազար թումանի տվել էին, կառներ, մեջը կմտներ, որ իր սև օրը լա ու տանդրոջ ձեռիցը պրծնի: Քու դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա հալն էր. տանդրոջը հո, աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ: Միրուք, բերան, քամակ, ծոց, քուրք-մուրք՝ հոտած բազկաթանի մեջը չխչխպում, ծլծլում էին: Ջեբ, լաբչին՝ բոլոր լցվել էին, տուտը պճեղն էր հասել: Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էին. թե ուզում էլ էր, որ ժաժ գա չէ, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս դափի, զուռնի ձեն էին հանում, չփչփում:

Էս շան հալին էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեռները դես ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի: Քոռ հավի պես մնացել էր պատի տակին կանգնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս.

— Թողե՛ք, թողե՛ք, դրա քոռ աչքն անիծած, թողե՛ք, դրան սպանեմ, շնսատակ անեմ, դա՞ էր մնացել, որ իմ գլխիս օյին գա՞: Դրան է՛ն օրը քցեմ, որ մեծ թիքեն անկաջը մնա:

Ընչանք ջուր կբերեին, ամենին իրանցը իրանց էր հասել. շատը նվաղել, քամակի վրա վեր էր ընկել: Էլ ի՞նչ կանեին իրար երեսի ալիր փչիլ յա մածուն քսիլ, որ շատ անգամ, ուրախ վախտներն, անում էին: էս բավական ալիր էլ էր, մածուն էլ: Էս ղալմաղալումը տանդրոջ կնիկը ճրրալով, թոնթորալով դուս էր գնացել, որ իր գլուխը լա, իր մեղքիցը ազատվի: Խալխը տանդրոջ բնությունը լավ գիտելով, որ բարկացած ժամանակին հրեշտակ էլ ձեռն ընկներ, չէ՛ր խնայիլ, ո՞ւր մնաց գզիր Կոտանը, տերտերին աչքով արին, որ նա, քանի աչքը բաց չի՛ արել, մուննաթ անի, որ բալքի խղճին մեկ ճար ըլի, ու էլ ետ գզրին բերեն, տանդրոջ ձեռը պաչիլ տան: Հենց իմանում էին, թե կարգավորի պատիվն էլա կպահի:

— Բարիկենդան օրեր ա, խնամի Օհանես, խելքըներս կորել ա, տնա՛շեն,— բերանը բաց արեց ծանրագոգոթ մեր փառավոր տերտերը, որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր, որ բալքի հաշտություն քցի միջըները ու էրկուսին էլ բարըշացնի:— Աշխարք ա, է՛դպես կըլի. հո աղջիկ չե՛ս, որ խասդ ու վարաղդ գնա. հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի՛ խարաբ. մոմ չե՛ս, որ հալչիս. մի քիչ սիրտդ լե՛ն պահի, ի՞նչ էլավ քեզ: Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումը գրում ա, ամենիդ մուրազն էլ տա, թե՝