Էջ:Վերք Հայաստանի 41.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունիմ միջնորդը» ու վերջապես արաղ-մազեն էլ որ տուն չբերին, ամենի սիրտն էլ տեղն ընկավ: Ինչ անց էր կացել, քամուն տվին, խունկ ծխեցին, երդիկ ու դուռը բաց արին, հոտը-մոտը քաշվեցավ, կատարները տաքացավ, ու մեր պարոն քեդխուդեքը հացի նստեցին, սուփրեն քաշեցին. մեկ գլխին տերտերը բազմեց, մյուս գլխին՝ տանուտերը, մեկելներն էլ պատի տակին էնպես սրով բազմեցին ու ոտըները ծալեցին, որ սուփրի մեջը էկող-գնացողի, անց ու դարձ անողի համար բաց էր մնացել:

Նոքարը որ արաղը չածեց, ավալի սֆթա տերտերին դեմ արեց. սա էլ խաչակնքեց, օրհնեց, տվողին խմացրեց, որ մեր գզիրն էր, ու ետո ինքն առավ թասը ձեռը ու օրհնության տուտը սկսեց:

— Աստված աշխարքիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛: Ընչանք մեռնինք ո՛չ, որ մեկ օր էլ էսպես՝ էլով, գյունով, ռուսի ձեռի տակին նստինք, քեֆ անենք:

— Ամե՛ն, ամե՛ն,— ձեն տվին ամենն էլ:

— Տունդ շե՛ն կենա, տունդ, տա՛նուտեր, որդիքդ ապրի՛ն: Աստված օջախդ հաստատ պահի՛, նամարդի մուհդաջ չանի՛. մեր գլխի թագն ես, մեր աչքի ծաղիկը, Հայր Աբրահամի օրհնությունը քեզ վրա, Սիմեոն ծերունի պես քո ըմբրի խերը տեսնիս: Քեզ ծուռը մտիկ անողի աչքը քոռանա, ո՛ւմ սրտումը մեկ խեթ կա, աստված բարին կատարի՛: Ինչ էլավ՝աստված վերջը բարի անի՛, քաշած զահմաթդ ապաշխարանք համարի՛. էսօր՝ քեզ, էգուց՝ մեզ. մենք էլ քո ջրերն ընկանք: Ով խռով ա, սառը ջուր խմի՛: Իմ գլխիս ջաղաց էլ աղան, թաք ըլի տեղս տաք ըլի, ձեռիս՝ թաս, սիրտս՝ ուրախ: Տո՛, քեֆ արե՛ք, տո՛, դուշմանի աչքը հանեցե՛ք: Շնորհավոր բարիկենդան. աստված զատկին էլ մեզ արժանի անի. քանի կարանք, մեր օրը վայելենք. էգուց ո՛չ էլօր մեծ պասը ոտները երդկիցը ճոլոլակ կանի, հա կա՛ց ու բազկաթթու կե՛ր: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ: Տեր աստված, քեզ փառք. մեր երեսը քո ոտիդ տակը: Քո ստեղծվածն ենք, մեզ չի՛ կորցնես: Տե՛ր աստված, դու մեր Ռուս թագավորի սիրտը ռահմ քցես, որ գա, մեզ ազատի. ընչանք մահ մի՛ տար մեզ, մինչև նրանց երեսը տեսնինք: Կենդանություն,— ասեց ու արաղի թասը շպռտեց:

— Կենդանի մնաս, սա՛ղ ըլիս. կարգիդ՝ հաստատ, տե՛րտեր ջան. անո՛շ, խմածդ անո՛շ, հենց իմացանք՝ մե՛ր սրտովը գնաց,— ձեն տվին ամենն էլ, ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված յա խաշլամա, լոշում փաթաթած, թավազա արին:

Տերտերն էլ առաջ ձեռը տվողի բթի վրա դրեց, թիքեն առավ, բերնին, ճակատին դրեց, «Հա՜յ, ձեռդ ապրի, հա՜յ զորանաս» ասելով, ձգվելով, օրհնելով, գովելով՝ թիքեն ծամեց, կուլ տվեց ու ինքը մյուսների օրհնանքին անկաջ դրեց, անո՜շ ասեց: