Էջ:Վերք Հայաստանի 46.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղում, յա աչքակապուկ, յա սալդաթի պես կռվում: Դաբխփի (դհոլ), զուռնի ձենն ու հարայ հրոցը աշխարք էին վեր կալել:

Աղասին էլ քեֆն արել, պրծել, իր դաստեն ետևին քցած՝ էկավ մեկ տասը ձիավորով, գեղի միջովն անց կացավ, որ գնա, կալերի դզումը, ջաղացների մոտին իր հունարը նշանց տա, ջիրիդ խաղա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա: Հենց իմանաս՝ մեկ թագավորի որդի ա գալիս: Յարաղ-ասպաբը կապած, թվանքն ուսին, թուրը կողքիցը կախ, ջուխտ փշտովն ու ղամեն գոտկումը, կանաչ մով շալվարը, զառ կապեն հաքին, գյուլբանգի աղլուխը ճտին. նուղայի թուխ գդակը գլխին կոտրել, աջու անկաջի վրա էր քցել. ոսկեթել թուխ-թուխ մազերը ձախու կողմիցը քամու հետ խաղում՝ յա ազնիվ երեսին էր դիպչում, յա բկի տակովն ընկնում: Բեղերն ապրշումի պես ոլորել, էնպես էր թշի վրովը դուս տարել, որ ամեն մեկի մեկ ծերը անկաջներին էին դիպչում: Մտիկ անողի խելքը գնում էր: Գեղըցիք հենց նրան տեսան թե չէ, ծափ տվին, պար էկան, ձեն-ձենի տվին ու սկսեցին նրա խաղն ասիլ, նրա գովքն ածիլ:

— Աղասի՛ ջան, գլխիդ ղուրբան, էս թասը խմե՛նք քո արևսադաղին, արևիդ մեռնիմ. մեր գլխիցը ո՛չ պակսիս. գնա՛, մենք էլ էս ա, կգանք,— ամեն կողմից ձեն տվին ու Աղասու թասը խմեցին:

Ազնիվ երիտասարդն էլ, ով որ իրան էսպես պատիվ էր տալիս, գդակով էր անում, քաղցր երեսով գլուխ տալիս ու անց կենում:

Հեռըվանց երևում է, թե ի՞նչ ղիամաթ էր անում իգիթը: Ձիու անկաջը մտած՝ էնպե՜ս էր քաշում, կրակին տալիս, որ, հենց իմանաս, թևավոր ղուշ ըլի: Շատ անգամ ջրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս՝ ձիու վրիցը բռնում էր, էլ ետ քցում: Շատ անգամ հենց էնպես դուզ շպրտում էր ու կրակի պես ետևիցը հասնում, կալնում, էլ ետ ծուլ անում: Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրացնում, որ ջիրիդն առաջին դողում էր: Ընկերտանց վրա էլ որ վախտ-վախտ ջիրիդ չէ՛ր քցում, է՛նպես էր նշանում, որ գդակների ծերին էր դիպչում կամ գդակը հետը տանում, որ իմանան, թե նա նրանց ղիմիշ չի՛ անում: Շատ անգամ թամքի միջին ջուխտ ոտի վրա կանգնում, էնպես էր ձին չափ քցում: Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար:

— Ջանմ սան, ջանմ, Աղա՛սի. մերդ մեկ հատ ա քեզանից բերել, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլա չի՛ բհամ տալ,— ասում էին թամաշավորքն ու խնդում, ուրախանում, ծափ տալիս:

Հանկարծ էս քեֆի միջումը, հենց բռնես, մեկ ամպ տրաքեց, երկիրը շարժեց, յա թոփի, թոփխանի ձեն էկավ, յա երկինքը փուլ էկավ: