Էջ:Վերք Հայաստանի 54.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին:

— Արի՛, երեսիդ մեռնիմ, Թա՛գուհի ջան, աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան. Աղասին մեռած, ոսկորները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկն էլա մատով տար: Վա՜յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա: Թա՛գուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացի՛ր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի՛ դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը,— ասում էր քնքուշ, երիտասարդը, լալիս, գլխին տալիս: Արտասունքը աչքերիցը քուլա-քուլա էր վեր թափում:

Գնացին ջուր բերելու: Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել, մնացել էր կանգնած: Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլո՛ր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղջիկ: Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս. դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում: Էլ ինս, ջինս, իսան, ադամաորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով-ձորերով էին ընկել, որ իրանց գլուխը պրծացնեն: Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը, հենց իմանաս, թե նրան ասում ըլեին ցավելով.

— Ինչ արի՛ր, արի՛ր. գլուխդ ա՛ռ, կորի՛. գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, ռսի հողը: Էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ: Թոփի բերանն ա՝ քո ջանը: Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ՝ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տե՛ս: Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ՝ էն բաբաթ. քեզ էլա ճա՛ր արա: Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի. նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արնոտ արիր. սարդարի ֆառաշներին ես սպանել, տո՛, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ: Դրանց արինը քեզանից կուզեն. դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել. էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս: Քյահլան ձին՝ տակիդ, յարազ-ասպաբը՝ վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես:


7


Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել: Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժնգժնգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա-թիքա անեն, իրանց փայ շինեն: