Էջ:Վերք Հայաստանի 57.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆորս գնալիս՝ առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր: Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած: Շատ անգամ, հանաքըվեր, խոսք էին քցում, թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան: Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դովլաթ, աղջիկ էին ասում՝ կտանք. բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել, որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դովլաթին թամահ անի:

— Իմ ցամաք հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը: Իմ տերտերի մեկ մուռտառ մազը հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ: Գութան վարեմ իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ լա՛վ ա, քանց խան, բեկ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ:

Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը՝ Ջավաթ խանը, ձին՝ Նաղի խանը: Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել: Ա՜խ, ո՞րն ասեմ. մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան. ո՛վ ասես՝ նրա անունովն էր օրթում ուտում. ո՛վ ասես՝ նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա:

— Էս ո՞ւր եմ… քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ. օ՜հ, օ՜հ, օ՜հ… արյան ծովն է՞ս ա, որ ասում են,— սկսեց ողորմելի ծերունին էսպես իրան-իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թըմբրություն էկավ վրեն: — Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են… Իսրի պուճախն է՞ն ա… Վա՜յ ինձ, վա՜յ ինձ… վա՜յ ինձ… Միսս սրսռումա… աչքս խավարում ա… չանգալ ա, որ հազրում են… մանգաղ ա, որ սրում… շիշ ա, որ կայծակին ա տալիս… Ա՛ստված, քո փառքդ շա՜տ… էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր… որ էս կրակի մեջը պետք է էրեիր… Երանի՜ նրան, որ մոր փորիցը դուս չի՛ էկել… Էս ի՞նչ եմ տեսնում, արա՛րիչ աստված… Հրե՛ն, խորովում են… հրե՛ն, միսը կտրատում են… Ամա՜ն… ամա՜ն…ամա՜ն… Գլուխ առե՛ք, կորե՛ք… Շատ գինի խմողի փորն են ճղում… փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի… տուն քանդողի լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում… Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա, որ կրակիցը հանում են, կպցնում… Կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս… Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում… տաքացրած շամփրներ սրտները կոխում ու էրում, փոթոթում… Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում… Մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում… Մեկի էրեսիցը քրտնքի տեղ կայծակ ա վեր թափում… մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում…Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից գոռում… Երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են…