Էջ:Վերք Հայաստանի 59.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էնպես, ինչպես որ մեկ մարդ մեկ սարսափելի երազ տեսնի՝ իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած, որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛ր կթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան-դոշակի միջին պառկած, է՛ս հանգին էր հենց նրա հալը: Ուզում էր, որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս, էրեխա, դոստ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են, իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն, որ էլ էն աշխարքումը մուրազները պակաս չմնա, էլ աչքըները էս կողմը չունենան: Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դովլաթ, ծառ, ծաղիկ՝ որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր, թե էլի իր ձեռին են, էլի բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում, ուզում էր որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ: Ուզում էր բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի: Իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը էնպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանած, տերտերի ձեռն էնպես տաք-տաք չէ՛ր համբուրած, երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավորված, ինչպես էս սհաթին: Հենց գիտում էր, թե աշխարքս դրախտ ա, մարդիկը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել: Էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն. բոլորը, բոլորը ջնջվել, փչացել էին: Հիմիկ էր իմանում, թե ժամ գնալն ի՞նչ ա, աղոթքն՝ ընչի՞ համար, պատարագի զորությանն՝ ի՞նչ:

Արա՛րիչ իմ, մարդ որ մտածի, թե քանի՞ օր, քանի՞ տարի կյանք ունինք, թե աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք, թե մեր աչքն ա՝ մեկ բուռը հողը, մեր տեղն ա՝ երկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը, թե մեր աոաջին էլ կա էն օրը, որ է՛ս հիանալի երկնքի պայծառ դեմը, է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը մեր աչքիցը պետք է փակվին, խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս՝ որդունք, ոսկորներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե ո՞ր աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ, ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում: Որ մտածենք, թե է՛ս անկաջը, որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա, է՛ս աչքը, որ չի՛ ուզում, թե ուրշի աչքումն էլ փոքր լիս տեսնի, մեկ օր պետք է քոռանա, կիրանա, փչվի, է՛ս լեզուն, որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բա՛ս էլ չարություն մեր մտքովն