Էջ:Վերք Հայաստանի 63.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խփում, նրան անդունդն էին տանում… Ջահել, քսան տարեկան հարսը մեկ կողմն էր գլուխը ծեծում, ջարդում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը՝ մյուս: Էլ հաքըներին շոր չէ՛ր մնացել, էլ էրեսներին սաղ տեղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին. արինը լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ շիլի պես ներկել էր: Ինչ պստի հարսն էր անում, աստված ո՛չ շհանց տա: Բարձր ձենով լար՝ ամոթ էր… Էս պատճառով սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում… ուզում էր դոշը պոկի, գնա, բաշնըվեր ընկնի… Առաջին խաբարն որ իմացել էին, նրանք էլ հենց, խելքը թռցրածի պես, հացատանը, որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մյուսումն: Նրանց տեսած էրազներն էլ պակաս սարսափելի չէին… Մորը՝ ջիրիդ խաղալիս էռավ: Հարսի աչքին երևում էր, թէ հարսանինպես էր էրևում, թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ. հենց էն ա, վրա վազեց, որ որդուն խտտի, վեր թք էր, հարամիք վրա տվին, Աղասին մեկ բոզ ձիու վրա նըստած՝ նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ: Իր թայդաշ հարսներն ուզում էին, որ իրան բռնեն. փեշը թափ տվեց, ուզում էր, որ նրա ետևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ. աչքը բաց արեց, տեսավ, որ տունը գլխին պտտում ա: Անց կացած բաները որ միտքը չէկավ, էնպես մեկ ծվաց, ծղրտաց, որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդացին: Էս ձենի վրա կեսուրն էլ, հենց բռնիր, հինգ գազ ծուլ էլավ, հենց բռնես, մեկ թուր ջիգյարը խրեցին. հարայ տալով, մազերը պոկելով՝ հարսնի կռնիցը բռնեց, դուս թռավ ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ-թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում ու նոր մորթած հավի պես, որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու էրեսը քարերին էր ծեծում, ինչպես որ տեսանք: Ա՜խ, ես չե՛մ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածն լսողի սիրտը կէրեն, կփոթոթեն:

Էս ձենի վրա էր, ինչպես ասեցի, որ մեր անբախտ ծերունին բիրադի վե՛ր թռավ, էլ ո՛չ գդակ, էլ ո՛չ քուրք հարցրեց, տանիցը բղղալով, գլուխը ծեծելով, միրուքը պոկելով դուս ընկավ ու հոգին բերնին հասած՝ գլորվելով, տրորվելով իր որդու ոտի տակին գետնին դիպավ ու թրպրտում էր: Ընչանք էն տեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել, գլխումն ու ջանումն էլ սաղ տեղ չէ՛ր մնացել, հազար քարի էր դիպել ու յարալու-փարալու էլել, ձնի նման սիպտակ միրուքը արնի մեջը սառել, չանին էր կպել, ու հմիկ էլ որդու ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի: