Էջ:Վերք Հայաստանի 64.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա,
Վա՜յ է՛ն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա:
Ո՛վ որ սարեր կէրթա իրան ֆորսն անի,
Ո՛վ որ կուզի տեղը նստած մուլք դատի,
Անտեր ազգին նրա գյուլլեն կդիպչի,
Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի:
Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն
Հողի, քարի հետ կքսվին, կփչանան,
Թե ճար ունիս, մի՛ տար նավիդ զլուխն իրան,
Աչքդ թեքեցիր՝ ծովի տակին կբացվի:
Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն
Իրան-իրան կտա, կմնա անվաթան:
Կատաղած ծովն ի՞նչ կհարցնի լաց, շիվան,
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի
Դառած արջը՝ փնչացնելով դուս պրծավ,
Սարեր, ձորեր սասանում են ձենիցը.
Անմե՛ղ գառը, ո՞ւր ես կանգնել դու անցավ,
Քեզ կքրքրի՛, փախի՛ր նրա ձեռիցը:
Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում,
Ամպի գոռոցն աշխարքն իրար գլխով տալիս.
Ա՛նցվորական, ի՞նչ ես ճամփիդ մղկտում,
Գնա՛ էլա մեկ քարի տակ, որ պրծնիս:
Ա՜խ, արեգա՛կ, բարի՛ հրեշտակ, մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել.
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի,
Դարդ չի՛ անիլ: Վաղուց է նրա աստղը թեքվել:
Թախտ, ապարանք, զենք, զարդարանք փչացան,
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան,
Էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կգա.
Մեկ թշնամու սրտումն մըգամ աստված կա՞:


ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻ ՎԵՐՋԸ