Էջ:Վերք Հայաստանի 72.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս են, բայց էլի գլխըները քորելով ետ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղությունը մեկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ հսկայն: Հալվաբարու հայերը որ կան, էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Հովհաննես ուզբաշու ձեռի տակին՝ գալիս, քաղաքը մտնում:

Ռուսը որ ետ ա դառնում, Մահմադ խանին բռնում, Պարսկաստան են տանում, ու նրա տեղը Թավաքյալ խանն ա գալիս, նստում, որ Գուդովիչի հետ կռիվ ա տալիս: Սրան էլ փոխում են, Հուսեին խան սարդարը ու իր ախպեր Հասան խանն են Երևան ղրկում, որ մեկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու օսմանցվին կատու էին շինել: Կարելի ա, թե Երևան էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարհաշեն մարդ չէ՛ր տեսել, ինչպես որ սարդարն էր. բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս՝ սար ու ձոր դողում էին: Նրա համար հո՛ մարդի, հո՛ սոխի գլուխը, բոլորը մեկ էր:

Էս էր, որ աստված գլխին բարկացավ, էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ հայերի էրված, խորովված սիրտը անջախ մի անջախ հովացրեց, ու էսօր խաչն ա նրանց պահում, ու ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում:

Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց: Բայց թե մինչև էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գյուլլեք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել, քանի՜, քանի՜ անգամ են քոչել տնըհան, տեղըհան էլել, քանի՜, քանի՜ իշխանք՝ որը կրակով, որը փետի տակին, իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գա, գնա՛նք էլ ետ Երևան:

Թո՛ղ լսողը չի՛ իմանա, թե ես Երևանու ծնունդ ըլելով՝ նրա հողի ու ջրի սերն ա էնքան սիրտս քաշում, տանում. չէ՛, գիտե աստված: Երեխա եմ էլել, որ էնտեղանց դուս եմ էկել, ամա էսօր էլ, որ մտածում եմ, թե Զանգվի կարմնջի վրովը յա բազարի մեյդանովն անց կենալիս ինչպես էր իմ լուսահոգի հերը ինձ ոտով-ձեռով անում, չունքի լեզվով խոսալն էլ ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թե քանի՜, քանի՜ անգամ, հենց մեր այգումը, յա մենք ենք ղզլբաշ յարալու արել, յա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում: