Էջ:Վերք Հայաստանի 73.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ ռսին չտեսած՝ մեկ էլ մտնինք Երևան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղկացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք ռսի ղադրը ու մեր բախտավորության գինը, ով ուզում ա՝ գա:


2


Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ա՜խ, որ առավոտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս, թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հո, հենց իմանաս, թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում, ու բրջերի գլխին մեկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում: Ճաշվա ժամանակին, հենց իմանաս, մեկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած՝ փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը, ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա, չի՛ կա, տակովն անի, լափի: Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը ոսկորով, ջամդաքով յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես, հենց իմանաս, ծանրացել, փորըներն էլ չէին կարում քաշել, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր-կտոր ըլին:

Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շողքը դիպչելիս, պլպլալիս, հենց իմանաս, էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված՝ ուզում ըլեին աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը, որ երկրին խաղաղություն, դինջություն տա, սոդոմական կրակն ըլեին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամի մոլլեն, որ գիշեր-ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեության անունը վերանա, յա Հայ ազգի, մինարեն որ չէ՛ր նի ըլում, որ ազան տա, ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան, իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն դինումը դժողքի փայ չըլին, ձեռն անկաջին որ չէ՛ր դնում ու ծվում, հենց իմանաս, հայի համար սադայելյան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի,