Էջ:Վերք Հայաստանի 74.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի շահի ձեռք քցի, որ տանի, իր քյուլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, է՛նքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ չունքի բեղաֆիլ մեկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում:

Աշխարքի գլխին, հենց գիտես, կրակ պետք էր վեր գար, է՛նպես էր ամեն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի: Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ. կըլի, որ ի՛սկ սադայելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի աստուծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս՝ մարդ չէ՛ր իմանում, թե երաբ առավոտը կհասնի՞, լիսը բացվելիս՝ ումուդ չո՛ւներ, թե սաղ-սալամաթ, մթանն աչքը խփի՞, էնպես ահում, դողում էին երկրի խալխը:

Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, ա՜խ, աչքս դուս գա, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրավորի, ազգականի, իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքի՛ցը, էն կատաղի գազանների ձեռիցը: Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ՝ մեկ սաղ օջախի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ, որ շուտով խմի ու բալքի կշտանա:


<3>


Սի՛րելի կարղացող, իմ ա՛չքի լույս հայ, էս քո հավատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում. քեզ հետ մեկ ավազանից ծնվել, քեզ հետ մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, երա՜բ, որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ՝ ի՞նչ: Գիտեմ, որ ասում կըլիս մտքումդ՝ էսպես օրը գնա, ո՛չ ետ գա, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի: Գիտեմ, որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես, որ էս անիրավ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս՝ գլուխդ առնիս, կորչիս,