Էջ:Վերք Հայաստանի 79.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի, շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անոշ ա, ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՛ դուս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք՝ ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք՝ հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պետք է որ քո հացն է՞լ դեն քցես:

Ա՜խ, լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՛ պետք է ընկնի՞: Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ էն: Էնպես մարդ կա՝ տասը-տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա:

Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլուչիթսա չի՛ ըլում և այլն: Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի: Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա: Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ: Բարեխնամ տերությունը ե՞րբ կուզի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր ազգիցը հեռանա: Բաս էլ ո՞ւր են էսքան վարժատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիվ տալիս: Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես: