Էջ:Վերք Հայաստանի 82.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յա թե չէ, մեկ ճամփի միջում, իրար գլխի հավաքվել էին, նստել կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թևերից քաշում, որ մեկի գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան կամ հետըները տանին: Օձ, կարիճ, խլեզ, բզեզ ու ինչ կերպ ջանավար ասես՝ մորեխ, մժեղ, մեյդան էին բաց արել: Որը մեկ քոլի տակիցը, որը մեկ քարափի բաշիցը, որը խոտերի միջին, կամաց-կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով կամ ծլունգ ըլելով, էլ ետ տազ անելով կամ գետնի ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով ծղրտալով՝ ոտն էին էլել, ուզում էին իրանց արևի ձենն ածեն: Որն էլ իր բնի առաջին արևկող անելով՝ գլխըները հանել, մունջ-մունջ անկաջ էին դրել սուր-սուր աչքըները ցցել, պելացել, շլացել՝ էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն, իրանց քեֆն անեն, իրանց ռզղը ճանկեն, էլ ետ իրանց բունը մտնին, էլ ետ գնան, քնին, դինջանան:

Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ մեկ նաչար բայղուշ (բու)՝ գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սև օրը լաց ըլում: Հավի թշնամի ուրուրն էլ (ձերեն) թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դոշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դոշի տակին քաշ քցած՝ սուր աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի, մեկ լղպոր ճտի գլխի,— որ իր մոր թևերի տակին կամ մոր գլուխը քորելով, թևը քաշելով, ծվծվալով, կտկտալով կամ կտուց-կտցի տալով, մոր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով՝ սուս-փուս նստում էին իրար հետ կամ քուջուջ էին անում,— կամ մեկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով՝ վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի:

Ահա՛ գեղեցիկ, անզույգ օրինակ անսիրտ, բարբարոս Պարսից՝ ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկա զավակաց:

Էսպես մեռել, լռվել էր բնությունը, ու մեկ շփլթու էլա մեկ տեղից չէր լսվում: Միմիայն հեռու տեղից մեկ բարակ քամի բազի-բազի վախտ փչում, ծառերի տերևները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ-գոլ՝ մարդի երեսին, բերնին ձեռը նազուկ քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում: Ինչպես ծխի մեջը խրված՝ հեռու տեղից դաշտի գեղերը, հանդերը, փոսերը մթնած, լռված, ինչպես սև ամպի կտորներ կամ էրված, խանձված տեղեր, էս տեղից, էն տեղից սևին էին տալիս ու խառնիխուռն երևում: Արազը, ինչպես մեկ նետ օձ կամ էրծաթի գոտի, արևմտյան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր, լուսափայլ