Էջ:Վերք Հայաստանի 83.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գլուխը բաց էր արել ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով, ձենըձոր անելով, գլուխը պտտելով՝ գնում, Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով հեռանում քվերտանց հետ ու պռունկ-պռնկի, դոշ-դոշի, քամակ-քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված՝ քուն մտնում:

Էս տխուր մեյդանի չորեքշուրջը, աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ բազի վախտ երկինքն ամպակալած՝ ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տա, Ալագյազա, Մասսա ու մյուս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետնի, խցկի, որ համարձակում են իրանց գագաթը էնպես բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով՝ իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա-քուլա դիզվում ու էնպես իրար վրա նստում, որ շատը տեղ չունենալով՝ մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում:

Էս հադաղին էր, որ մեկ սև ղարալթու բարակ օձի պես կամաց-կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր-<ծանր> մտիկ տալով, մեկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պես ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրա թեքեց ու ճլերք ընկած հիվանդի պես սկսեց ձենը ծոր քցել և, ինչպես մեկ խոր ձորից, կանչել. Ալլա՜հո՜ւ-ալաքբա՜-րո՜ւ… (բարձրելոյն աստուծոյ):

Էս ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց, ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով՝ քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ-քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ: Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, Խորասանու սև մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած,