Էջ:Վերք Հայաստանի 86.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը քամակին դրած. շատ տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուդուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց, շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:

— Ալլա՜-հո՜ւ, բս՜-մլլա՜հ… ըլ ռա՜հ-մա՜ն… ըլ ռա՜-հի՜մ… չախսե՛-վախսե՛… Հասա՜ն, Հո՜ւ… սեյն, աղա՜մ… վա՜… Յա՛ Ալի՜… չախսե՛-վախսե՛…

— Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հո չի՛ պիտի անենք,— ինձ ասող կըլի:

Ո՞վ ա ասում, թե նամազ անենք. միտքս էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը:

Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. էս ձենը-ձորը էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, էստուր համար էսօր որտեղ որ մեկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիվանն անց կենա, Հասան-Հուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ուոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա:

— Սվանղուլի խանը, յա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տերս, իմ աղեն,— մեկ երևանցի հայ ասում ա քեզ,— գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:

Ի՞նչ անես, մարդի փիրն աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: Էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդեսը տեսնինք, թե չէ ժամանակն անց կկենա: Աչքդ սառչի ո՛չ. սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են: Էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում. դու ո՛չ մեռնիս. սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում. մինը բողազը դուս ճոթռում, մյուսը միրուքն ու մազերը