Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ Զ.

ԸՆՏԱՆԻ ԵՒ ՎԱՅՐԵՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՒ ՏԱՊԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿ ԱՂՑԱՆՆԵՐ (սալաթ)

Ա) ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Ծանօթութիւն: Տանու և վայրենի կենդանիների մասին: Որպէս զի միսը պինդ չը լինի, պէտք է թռչունը գործածելուց մի քանի օր առաջ մորթել և քաշ անել մի որ և է սառը տեղ։ Հնդուհաւի, հաւի և աքաղաղի համար շատ լաւ կը լինէր գործածել հետևեալ միջոցը, այնէ՝ հնդուհաւի բողազում ածեցէք մի սեղանի գդալ քացախ, իսկ հաւի, կամ աքաղաղի բողազում՝ մի փոքր թէյի գդալ, ապա փակեցէք նոցա այնպիսի մի տեղ, որտեղ կարելի լինէր ազատ շարժուել: 2—3 ժամ պահելուց յետոյ մորթեցէք, մաքրեցէք և իսկոյն եփեցէք, կամ տապակեցէք։ Այս տեսակ թռչունի միսը, թէ փխրուն և թէ համեղ կը լինի։ Թռչունների մեծութիւնը հաւասար չը լինելով՝ չի կարելի նշանակել նոցա ճիշտ թիւը 6—8 մարդու համար. սակայն մօտաւորապէս հարկաւոր է 3 ֆունտանոց մաքրած և փորոտած թռչուն, այս պատճառաւ պէտք է վերցնել միջին թուով 2—4 վառիկ, կամ 1—2 բադ և կամ ½—1 հնդուհաւ:

Իւրաքանչիւր թռչունի տապակելու ժամանակամիջոցը։

Հնդուհաւը, որը մօտ 5 ֆ. է քաշում, տապակվում է 1½ ժամում, (կաթսայի մէջ):

Կաքաւը՝ մօտ ½ ժամում, (կաթսայի մէջ):

Վառիկը՝ մօտ ¼ ժամում, (կաթսայի մէջ)։

Սագը՝ 2½—3 ժամում:

Վառիկը կտրտելուց յետոյ պէտք է գցել սառը ջրի մէջ և պահել մօտաւորապէս 1 ժամ, յետոյ գցեցէք տաք (բայց ոչ եռ եկած) ջրի մէջ, իսկոյն հանեցէք, փետրեցէք (բմբուլները հանել), փորոտեցէք, լուացէք: Եթէ վառիկը շատ մեծ է, տաք ջրի մէջ չի հարկաւոր գցել։