ԳԼՈՒԽ ԺԱ
ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿ, ՓՌՆՉՈՐ, ՁՈՒ ԵՒ ՁՈՒԱՁԵՂ
Ա) ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿ (բլինի)
Ծանօթութիւն: Բարեկենդանի տօներին ռսների գլխաւոր կերակրներից մէկն էլ կաթնախմորուկն է: Կաթնախմորուկներ կարելի է զանազան նիւթերով պատրաստել, օրինակ՝ թթխմորով և գրեչնևի ալրով, ցորենի ընտիր ալրով, կէս գրեչնևի և կէս ցորենի ալրով և վերջապէս՝ սոդայով, որը թթխմորի (խաշ) փոխարէն է գործածվում:
Կաթնախմորուկներ թխելու գլխաւոր կանոնները։ Երբ որ խմորը հունցելուց յետոյ վերջին անգամ բարձրանում է, նրան այլ ևս չը պիտի խառնել, այլ պէտք է գդալով վերցնել և ածել փոքրիկ տապակների (сковородка) վերայ, նախ քան կաթնախմորուկների թխելը, այդ փոքրիկ տապակների վերայ աղ շաղ տուէք, տաքացրէք, շորով սրբեցէք, փետուրով, կամ բամբակով եղ քսեցէք և դրա վերայ էլ ածեցէք այնքան խմոր, որ փռուի տապակի ամբողջ յատակի վերայ և թխեցէք քուրայի, կամ պլիտի վերայ. երբ որ տապակի վերայ կաթնախմորուկը սկսում է բարձրանալ և կարմրել՝ շուռ տուէք և միւս երեսն էլ թխեցէք, յետոյ դարսեցէք մի կողմ՝ մէկը միւսի վերայ և տաք պահեցէք: Առհասարակ կաթնախմորուկներ թխելը պէտք է ուտելուց մի փոքր առաջ սկսել և թխելուց յետոյ, առանց սառեցնելու իսկոյն ուտել։ Ամեն անգամ նախ քան խմորի ածելը, պէտք է փետուրով եղ քսել տապակի վերայ։ Խմորը պէտք է մի փոքր թանձր լինի, այս պատճառաւ ալիւրը և հեղուկը (ջուր, կաթ և այլն) պէտք է հաւասար չափով վերցնել։ Կաթնախմորուկներ թխելու համար, պէտք է առանձին յարմարութիւններ ունենալ և լաւ իմանալ պատրաստելու եղանակը, որը կարելի է ձեռք բերել միայն փորձով, այսինքն մի քանի անգամ պատրաստելուց յետոյ: Կաթնախմորուկների լաւութիւնը կախուած է թթխմորից (դրօժժ, խաշ), խմորի հարելուց և որ գլխաւորն է՝