Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խացա։ Երբ քո նամակն եկավ, ես իսկույն ճանաչեցի ձեռքդ։ Քո ձեռագիրը մինչև այժմ նույն դպրոցական ձեռագիրն է, ինչպես... դեհ, ասենք, ինչպես հին, լավ ժամանակներում էր, թեև ես այդ տեսակ խոսքեր չեմ սիրում։

— Ինչո՞ւ,— Բերտան մի քիչ զարմացած։

Էմիլը թեթև կերպով նայեց նրան ու արագ շարունակեց.

— Դեհ, ուրեմն, ինչպե՞ս ես դու։ Երևի սաստիկ ձանձրալի և տխուր էիր անցկացնում ժամանակդ։

— Ժամանակ չէր լինում ձանձրանալու և տխրելու,— պատասխանեց Բերտան լրջորեն։ — Ես դասեր եմ տալիս։

— Օ՜,— բացականչեց Էմիլը մի այնպիսի կարեկցական եղանակով, որ Բերտան կարիք զգաց իսկույն ավելացնելու.

— Ոչ թե անհրաժեշտ կարիքից ստիպված, այլ... — Նա կանգ առավ, զգալով, որ ամենից լավ է՝ բոլորովին անկեղծ լինել նրա հետ... – Այն, ինչ ես ունեմ, իմ կենսական պետերը հազիվ թե գոհացներ։

— Իսկ ի՞նչ դասեր ես տալիս դու։

— Մի՞թե ես քեզ չասի, որ դաշնամուրի դասեր...

— Դաշնամուրի՞։ Հա, ուղիղ որ... Դու շատ ընդունակ էիր, թե դու այն ժամանակ չթողնեիր.. Գիտես, դու երբեք մեծ դաշնակահարուհի չէիր դառնա, բայց որոշ բաներ անպայման շնորհքով կնվագեիր։ Օրինակ՝ Շոպենի, Շումանի մանր բաները շատ գեղեցիկ էիր նվագում։

— Դու դեռ հիշո՞ւմ ես։

— Սակայն դու ավելի լավ վիճակ ընտրեցիր։

— Ինչպե՞ս թե։

— Դեհ, եթե չի կարելի լիովին իշխել, լավ է մի ամուսին ընտրել և երեխաներ ունենալ։

— Ես միայն մի որդի ունեմ։

Էմիլը ծիծաղեց։

— Պատմիր ինձ մի բան քո այդ միակ որդու մասին և գլխավորապես ինձ մանրամասն նկարագրիր քո կյանքը։

Նրանք նստեցին Ռեմբրանդտի նկարների փոքրիկ դահլիճում, բազմոցի վրա։

— Ի՞նչ կարող եմ պատմել քեզ իմ կյանքից։ Դա բոլորո-

101