Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սին Էմիլին, որովհետև նա ինչ-որ զարմանքով էր նայում իրան։

Էմիլը ծիծաղելով ասաց.

— Ի նկատի կունենանք։ Ձեր քաղաքում ուրեմն տղամարդի՞կ էլ կան,— և հետո նա ավելի կամաց, կարծես իր կոշտ հանաքից ամաչելով, ավելացրեց,— որոնք անդամալույծ չե՞ն։

Բերտան ուզում էր Ռուպիուսին պաշտպանել։

— Նա շատ դժբախտ մարդ է,— ասաց նա և մտաբերեց, թե ինչպես ինքը երեկ նստած էր նրա հետ պատշգամբում։ Եվ նորից նա խղճահարվեց Ռուպիուսի վրա։

Իսկ էմիլը, իր ինչ-որ մտքին հետևելով, ասաց.

— Այո, ես կուզենայի իմանալ բոլորը, բոլորը, ինչ որ դու ապրել ես։

— Դու գիտես։

— Խոսքս ամուսնիդ մահից հետո պատահած բաների մասին է։

Բերտան հասկացավ, թե ինչ էր ուզում Էմիլը և մի քիչ վիրավորվեց։

— Ես միայն իմ որդու համար եմ ապրում,— ասաց նա վճռականորեն։ — Ես ոչ ոքի թույլ չեմ տալիս հետևիցս ընկնել, որովհետև ես պարկեշտ կին եմ։

Նա իր առաքինության մասին մի այնպիսի զվարճալի լրջությամբ էր խոսում, որ Էմիլը ակամայից ծիծաղեց: Բերտան էլ զգաց, որ պետք էր այդ բանը այլ կերպ ասել և նույնպես ծիծաղեց։

— Որքա՞ն ժամանակ կմնաս դու Վիեննայում,— հարցրեց Էմիլը։

— Մինչև վաղը կամ մյուս օրը։

— Այդքան քի՜չ։ Իսկ որտե՞ղ ես իջևանել։

— Հորաքրոջս աղջկա մոտ,— պատսխանեց Բերտան։

Ինչ–որ մի բան խանգարեց նրան ճշմարտությունն ասելու։ Նա իսկույն ինքն իր վրա բարկացավ այդ հիմար ստախոսության համար և ուզում էր ուղղել ասածը, բայց Էմիլը կտրեց նրա խոսքը.

— Հուսով եմ, դու ինձ համար էլ ժամանակ կունենա՞ս։

104