Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կարող է տնօրինել իր ժամանակի վերաբերմամբ ինչ և կամենա։ Նա աննպատակ թափառում է փողոցներում՝ հետաքրքրությամբ խանութների վիտրինները զննելով։ Ստեփանի հրապարակի վրա նրա մեջ միտք հղացավ՝ մտնել եկեղեցի։ Այնտեղ, այդ կիսախավարում, չորս բոլորից իրան շրջապատող ահագին տաճարի լռության մեջ նա մի առանձին հանգստություն զգաց։ Նա կրոնասեր չէր, բայց միշտ երկյուղածությամբ էր եկեղեցի մտնում։ Նրա աղոթքները պարզ, որոշ ձև չէին ընդունում, սակայն, այնուամենայնիվ, նա այսպես թե այնպես աշխատում էր երկինք առաքել իր ցանկությունները։ Առաջին րոպեին նա ներս էր գնում ու ման գալիս, որպես մի օտարուհի, որը զննում է շենքը։ Վերջապես կանգ առավ մի փոքրիկ երկրորդական սեղանի առջև ու նստեց նստարանի վրա։

Նա մտաբերեց իր հարսանիքի օրը։ Ահա կանգնած է նա իր հանգուցյալ ամուսնի հետ քահանայի առաջ, բայց այդ բոլորը նրան թվում է այնպիսի հեռավոր մի բան, կարծես նա բոլորովին օտար մարդկանց մասին է մտածում։ Եվ հանկարծ կարծես փոխվում է պատկերը, որպես մոգական լապտերի մեջ, իր իսկ կամքին հակառակ, և ամուսնի տեղը կանգնած է ահա նրա կողքին Էմիլը։ Եվ, առանց նրա գիտակցության մասնակցության, պատկերը շարունակում է կանգնած մնալ, որպես մի նախազգացում, որպես մի երկնառաք նշան։ Ակամա ձեռները ծալում է նա խաչաձև ու շշնջում. «Օ, աստված իմ, այնպես արա, որ դա կատարվի»։ Եվ դրանից իր ցանկությունը, կարծես, ավելի ուժեղացավ։ Մի քանի րոպե նստած էր նա նստարանի վրա և աշխատում էր պահել այդ տեսլիքը։ Ապա դուրս ելավ փողոց։ Աղմուկն ու լույսը նրան մի այնպիսի նոր, չտեսնված ու չլսված բան թվացին, կարծես նա եկեղեցում ամբողջ ժամեր էր անցկացրել։ Նրա հոգին խաղաղությամբ ու անխռովելի հուսով էր լցված։

Կերտներշտրասսեի վրա նա մտավ ամենալավ ռեստորանն ու ճաշեց։ Այժմ նա բոլորովին չէր շփոթվում և ափսոսում որ երեկ չիջևանեց մեծ հյուրանոցներից մեկում։

Վերադառնալով տուն՝ նա հանվեց ու պառկեց բազմոցի

109