Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ բոլոր Ժամանակի ընթացքում մտածե՞լ ես իմ մասին։

— Շա՜տ։

— Եվ ամուսինդ կենդանի եղած ժամանա՞կ։

— Իհա՛րկե։ Ես միշտ էլ մտածում էի քո մասին։ Իսկ դո՞ւ։

— Հաճախ, շատ հաճախ։

— Բայց...

— Ի՞նչ։

— Դու տղամարդ ես։

— Այո, դրանից ի՞նչ որ։

— Դու, երևի, շատերին ես սիրել:

— Սիրելը սիրել, եմ, այո, իհարկե։

— Իսկ ես,— ասաց Բերտան սաստիկ շտապ, կարծես ճշմարտությունը դուրս թռավ իր կամքին հակառակ,— ես ոչ ոքի չեմ սիրել, բացի քեզնից։

Էմիլը համբուրեց նրա ձեռքն ու ասաց.

— Լավ է՝ չխոսենք դրա մասին։

— Ես քեզ մանուշակ եմ բերել,— ասաց Բերտան։

Էմիլը ժպտաց։

— Դու այնպես ես ասում այդ, կարծես այն օրից, ինչ մենք բաժանվել ենք, քո բանն ու գործն այն է եղել, որ ինձ համար մանուշակ հավաքես կամ գնես։ Սակայն շնորհակալ եմ։ Ինչո՞ւ դու չուզեցիր կառք նստել։

— Չէ՞ որ այսպես ոտով գնալը ավելի դուրեկան է։

— Բայց հոգնեցուցիչ... Մենք միասին կընթրենք, այնպես չէ՞։

— Ուրախությամբ։ Ահա, ի դեպ, և հյուրանոց,— ավելացրեց Բերտան շտապով։

Նրանք ամայի փողոցներով էին գնում։ Մութն ընկնում էր:

Էմիլը ծիծաղեց։

— Ոչ, մենք ավելի հարմար ու լավ տեղ կգտնենք։

Բերտան աչքերը գետին գցեց, ապա ասաց.

— Հուսով եմ, մենք ընդհանուր սեղան չենք նստի կողմնակի մարդկանց հետ։

115