Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իհարկե ոչ։ Մենք նույնիսկ մի այնպիսի տեղ կերթանք, որ ոչ ոք չլինի։

— Ինչե՞ր ես ասում,— ասաց Բերտան։ — Երբե՜ք։

Էմիլը ուսերը թոթվեց։

— Ինչպես կամենում ես։ Դու սոված չե՞ս։

— Ոչ։

Նրանք լուռ էին։

— Դու ինձ երբևիցե ցույց չե՞ս տա քո որդուն,— հարցրեց Էմիլը։

— Բավականությամբ,— պատասխանեց Բերտան ուրախացած։ — Երբ ուզենաս։

Եվ սկսեց պատմել իր որդու մասին։ Ապա իր կյանքին անցավ։ Էմիլը երբեմն կտրում էր նրա խոսքն ու որևէ հարց էր տալիս։ Վերջապես նա իմացավ ամեն ինչ,որ կատարվում էր Բերտայի կեցած փոքրիկ քաղաքում։ Նույնիսկ Կլինգեմանի սիրահարության պատմությունը, որ Բերտան արեց ծիծաղելով, սակայն մի տեսակ գոհունակությամբ։

Լապտերները վառեցին։ Նրանց լույսը արտացոլում էր թաց սալահատակի վրա։

— Սիրելի մանկիկ,— ասաց հանկարծ Էմիլը,— հո մենք չենք կարող ամբողջ գիշերը փողոցներում շրջել։

— Այո, բայց ես չեմ կարող քեզ հետ գնալ... ռեստորան... Մտածիր մեկ, հանկարծ եթե հանիպեմ Ագաթային կամ որևէ ուրիշին։

— Հանգիստ եղիր, մեզ ոչ ոք չի տեսնի։

Եվ նա շտապով փակեց հովանոցն ու դարպասի առաջն անցավ։

Նրանց առջևը մի ահագին այգի էր։ Պատին կից պարուսինե մեծ վրանի տակ սեղանների մոտ հաճախորդներ էին նստոտած։

— Դու այստե՞ղ ես ուզում,— հարցրեց Բերտան վախեցած։

— Ոչ։ Այստեղ արի,— բացատրեց նա՝ ցույց տալով դարպասի աջ կողմը կիսաբաց փոքրիկ դուռը։

Նրանք մի նեղ, լուսավորված կորիդոր մտան, որի երկու կողմը շարքով դռներ էին։ Սպասավորը գլուխ տվեց նրանց,

116