Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանգնած են կողք-կողքի հովանոցի տակ, որի վրայից անձրևը ցած է թափվում։

Ուրեմն սա նրա կեցած փողո՞ցն է։ Մուտքի դուռը բացվում է։

Նրանք մի բակ են մտնում։ Էմիլը ծառայիր մոմ է վերցնում։ Նրանց առջևը մի շքեղ, լայն սանդուխտ է բարձրանում։ Առաջին հարկում Էմիլը բաց է անում մի դուռ։ Նրանք անցնում են նախասենյակն ու մտնում հյուրասենյակը։ Էմիլը վառում է մոմը, որը բռնած պահում է ձեռքում։ Բերտան կանգնած է դռան շեմքին և չի համարձակվում ներս մտնելու։ Էմիլը նրա գլխարկի քորոցը հանում է, ապա վերցնում է նրա գլխարկն ու դնում սեղանի վրա։ Զույգ մոմերի աղոտ լուսով Բերտան պատի վրա միայն երկու թագավորների գունավոր պատկեր է նկատում։ Որքան որ կարողանում է նկատել Բերտան, պատի մոտ մի լայն, պարսկական գորգով ծածկված բազմոց է դրած և պատուհանի մոտ մի փոքրիկ դաշնամուր, որի վրա կա մի քանի լուսանկար։ Նրա վերևում մի նկար կա, բայց Բերտան չի կարողանում ջոկել, թե ի՞նչ բան է դա։ Հակառակ կողմում կարմիր պորտիեները ցած են իջնում կիսաբաց դռան երկու կողքով, իսկ նրանց ետևը ինչ-որ սպիտակ բան է երևում։

Բերտան այլևս համբերելու ույժ չունի և հարցնում է.

— Սա քո բնակարա՞նն է:

— Ինչպես տեսնում ես։

Բերտան շուրջն է նայում։ Սեղանի վրա մի փոքրիկ գրաֆին լիկյոր և երկու բաժակ է դրած, մի փոքրիկ վազա մրգով ու քաղցր խմորեղեններով։

— Սա քո աշխատանքի սենյա՞կն է։ — Նրա աչքերը ակամա որոնում են ամեն մի ջութակահարի համար անհրաժեշտ պյուպիտրը։

Պատասխանի փոխարեն նա գրկում է Բերտային ու տանում դաշնամուրի մոտ, ուր նստեցնում է իր ծնկների վրա։

— Ավելի լավ է՝ խոստովանեմ քեզ,— ասում է Էմիլը պարզ, գրեթե չոր եղանակով.— ես այստեղ չեմ ապրում... սա ես վարձել եմ առժամանակ... ես կարծում էի, որ այս-

122