Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լով, նստում է նրա կողքին և, Բերտային գրկելով, համբուրում է։ Մինչդեռ Բերտայի մատները շարունակում են նվագել։ Բերտան լսում է, ինչպես անձրևը խփում է պատուհանի ապակիներին, և նրան թվում է, որ ինքը տանն է...

Նրան թվում է, որ Էմիլը վեր բարձրացրեց իրան, ու զգուշությամբ ուր որ տանում է։ Նա զգաց, ինչպես ձեռքը վարագույրին դիպավ։ Աչքերը փակ էր պահում... Էմիլի շունչը իր մազերին էր դիպչում։

Երբ նրանք փողոց դուրս եկան, անձրևն արդեն դադարել էր, և օդը մեղմ էր ու խոնավ։ Լապտերների մի մասը հանգցրած էր, և միայն մեկը աղոտ կերպով առկայծում էր փողոցի անկյունում։ Եվ որովհետև երկինքը դեռևս ամպերով էր պատած, փողոցները մութ էին։

Էմիլը Բերտայի թևն առած՝ լուռ գնում էր առաջ։

Մի տեղ, զանգատան վրա ժամը մեկը խփեց։ Բերտան զարմացավ։ Նա կարծում էր, որ արդեն շուտով առավոտ կլինի։ Բերտային շատ հաճելի էր Էմիլի հետ թևանցուկ թափառել այդ խաղաղ ու գգվող գիշերին. ախր նա այնքա՜ն ջերմ սիրում էր Էմիլին։

Նրանք դուրս եկան մի լայն հրապարակ։ Նրանց առջևը սուրբ Կարլոսի եկեղեցին էր բարձրանում։

Էմիլը ձայն տվեց կառապանին, որը նստած տեղը քնել էր:

— Ինչ լավ է,— ասաց նա,— մենք կարող ենք մի քիչ կառքով ման գալ, իսկ հետո ես քեզ հյուրանոց կտանեմ: Ուզո՞ւմ ես։

Կառքը շարժվեց։ Էմիլը գլխարկը հանեց։ Բերտան իր ծնկին դրեց գլխարկը, և այդ էլ հաճելի էր նրան։ Կողքովի նայեց նա Էմիլին և նկատեց, որ նրա հայացքը դեպի հեռուն է ուղղված։

— Ինչի՞ մասին ես մտածում դու։

124