Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի բան խայթեց Բերտայի սիրտը։ Նրան թվաց, որ Էմիլին այդ եկեղեցին գրավողը մի այնպիսի բան է, որ ինքը չգիտե։ Գուցե այնտեղ երգում է մի որևէ կի՞ն... Սակայն, իրոք, ինքն ի՞նչ գիտե որ... Այո՛, Բերտան կգնա, անպատճառ կգնա... նա Էմիլին չի կարող զիջել և ոչ ոքի։ Այժմ միայն իրան է պատկանում նա, միայն իրան... Ինքը՝ Էմիլն ասաց այդ։ Բերտան նրան կկարողանա պահել։ Իր մեջ քնքշության մի անսպառ աղբյուր կա... Նա կարողացել է պահել բոլոր քնքշությունը Էմիլի համար, այժմ կշրջապատե նրանով իր սիրածին... Էմիլը չի ձգտի այլևս դեպի մի ուրիշը... Ինքը Վիեննա կտեղափոխվի... և ամեն օր նրա մոտ կլինի, միշտ նրա մոտ կլինի...

— Էմի՜լ։

— Ի՞նչ է, մանկիկ։ — Նա մտահոգ նայեց Բերտային։

— Ասա, սիրո՞ւմ ես դու ինձ։ Օ, աստված իմ, արդեն հասանք,— շշնջաց նա թախծությամբ։

— Մի՞թե,— հարցրեց Էմիլը զարմացած։

— Այո, տես, ես ահա այնտեղ եմ ապրում։ Միայն խնդրում եմ քեզ, Էմիլ, ասա ինձ մի անգամ ևս...

— Այո՜, այո՜, բալիկ, վաղը ժամի հինգին։ Ես շատ ուրախ կինեմ քեզ տեսնելու։

— Ոչ, այդ չէ... Ասա... — Կառքը կանգ առավ։ Նրանք դուրս ելան։ Էմիլը սպասում էր մինչև որ ծառան դուռը բացեց, ապա քաղաքավարի կերպով համբուրեց Բերտայի ձեռքն ու ասաց.

— Ցտեսություն, տիկին։

Ու գնաց։

Այդ գիշերը Բերտան խոր ու հանգիստ քնեց։

Երբ արթնացավ, արդեն լույս էր: Նա մտաբերեց երեկվա երեկոն, ուրախությամբ զգաց, որ այնքան էլ ծանր չէր, ինչպես ինքը երևակայում էր առաջ, այլ, ընդհակառակը, ինքն իրան թեթև ու զվարթ է զգում։

Նա մի տեսակ հպարտությամբ հիշեց իր համբույրները ուրախ էր, որ այդ համբույրներում առաջին տեսակցություններին հատուկ անվստահությունն ու երկչոտությունը կար։ Նա ոչ մի զղջում չզգաց, թեպետ գիտեր, որ մարդիկ

127