Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սովորաբար զգում են այդ։ Մտքովն անցնում էին «մեղք», «սիրային կապ» խոսքերը։ Բայց այդ խոսքերը չէին շփոթեցնում նրան, նրանք կորցրել էին իրանց նշանակությունը։ Նա ուրախ էր, որ Էմիլի գգվանքներին պատասխանում էր, որպես դրանց սովոր մի կին, որ իր կիրքը խորը զգացմունքից էր բխում և այնպես չէր, ինչպես ուրիշ կանանց մեջ։ Նրան թվում էր, որ ինքն իր մեջ մի նոր, անհայտ շնորհ էր գտել և դժգոհ էր, որ առաջ չէր կարողանում օգտվել դրանով։ Երեկ Էմիլը իր անցյալին վերաբերվող մի հարց առաջարկեց, և ինքը չշփոթվեց, մինչդեռ առաջ ամոթից գետինը կմտներ, եթե այդպիսի հարց տային իրան։ Ահա այժմ էլ իր շրթունքներին խաղում է նույն ժպիտը, ինչպես և այն ժամանակ, երբ ինքը երդվում էր Էմիլին, թե իր ասածը ճշմարիտ է, սակայն Էմիլը չհավատաց։ Բերտան ցնորում էր. արդյոք ե՞րբ պիտի նորից տեսնի նրան, ինչպե՞ս կդիմավորե իրան Էմիլը, ինչպե՞ս կտանի սենյակով։

Ամենից լավը այն կլինի, որ նա ինքն իրան այնպես պահեք կարծես թե ոչինչ չի պատահել, Էմիլը չպիտի կարդա իր աչքերում երեկվա երեկոյի հուշերը, նա պիտի նորից նվաճե իրան, հաղթահարե յուր գգվանքով, յուր երաժշտությամբ։ Այո՛, այո՛... բայց ախր ինքն ուզում էր լսել Էմիլին այսօր դեռ առավոտյան... Իհարկե... եկեղեցում... Նա մտաբերեց, թե ինչպես հանկարծակի խանդոտությունը իր սիրտը մտավ։ Ինչի՞ պատճառով... Այժմ նրան ծիծաղելի էր թվում խանդոտություն զգալ դեպի մի որևէ երգչուհի, որը երգում է այդ Մեսսայում, կամ մի ուրիշ անծանոթ կին... Սակայն նա, այնուամենայնիվ, կգնա։ Ի՛նչ լավ կլինի կանգնել եկեղեցու կիսախավարում, անտեսանելի, չտեսնելով նրան և միայն նրա հրաշալի երաժշտությունը լսել, որ պիտի հնչե վերնատնից։ Նրան ուրախացնում էր այդ նոր գգվանքը, որ պիտի զգար ինքը անկախ իր կամքից։

Հանդարտ վեր է ելնում նա, հագնվում է։ Մի բան տունը հիշեցրեց նրան, սակայն այդ միտքը բավականաչափ զորեղ չէր։ Բերտան նույնիսկ դժվարանում էր մտածել։ Դրա մեջ էլ զղջումի նշույլ անգամ չկար, ընդհակառակը է նույնիսկ հպարտ էր զգում իրան։ Այժմ ինքը միմիայն Էմիլին է պատկանում, և

128