Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանից դուրս ամեն ինչ օտար է իրան, կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։ Եվ եթե Էմիլը պահանջեր իրանից, որ հետը մի տարի, մի ամառ ապրի ու հետո մեռնի, ինքը կկատարեր այդ։

Արձակ մազերը փռվել էին նրա ուսերի վրա։ Նորից նրան տիրում են հուշերը, որոնցից գլուխը պտտվում է։

Օ, աստվա՜ծ, ինչո՞ւ այս ամենը այնքան ուշ է... Սակայն ոչ, դեռ շատ, շատ տարիներ կան առջևը։ Դեռ հինգ, տասը տարի կարող է ինքը գեղեցիկ լինել։ Օ, նույնիսկ ավելի, եթե նրանք չբաժանվեն. չէ որ Էմիլն էլ կծերանա...

Եվ նորից նրա մեջ մի հույս ծագեց. եթե Էմիլը պսակվի իր հետ, եթե նրանք սկսեն միասին ապրել, միասին ճանապարհորդել, միասին քնել ամեն գիշեր... Բայց նա հիմա մի քիչ ամաչեց։ Ինչո՞ւ շարունակ միշտ նույն մտքերն են գալիս ու անցնում իր գլխում։ Միասին ապրելը ուրիշ բան է. դա նշանակում է՝ ընդհանուր հոգսեր ունենալ, խոսել իրար հետ ամեն ինչի մասին։ Այո, ամենից առաջ նա ուզում է Էմիլի ընկերը լինել։ Եվ այդ բանը կասե նրան այսօր ևեթ։ Այսօր Էմիլը պետք է պատմե իր ամբողջ կյանքը, սկսած այն րոպեից, երբ նրանք բաժանվեցին տասներկու տարի սրանից առաջ մինչև... Եվ զարմանքով նա շարունակում էր մտածել. մինչև երեկ առավոտ... Միայն երեկ ինքը նորից տեսավ Էմիլին և այդ օրը ինքն այն աստիճան նրան անձնատուր եղավ, որ քիչ էր մնում՝ դադարի մայր լինելուց... Ոչ, նա միմիայն Էմիլի սիրուհին է։

Բերտան դուրս ելավ պայծառ, արևալից փողոցը։ Նա նկատեց, որ փողոցներում սովորականից ավելի շատ ժողովուրդ կա, և որ խանութների մեծ մասը փակ է։ Հա՜, ախր այսօր կիրակի է։ Նա մոռացել էր այդ։ Դա ևս ուրախացնում էր նրան։ Դեմուդեմը մի բարձրահասակ շեկ տղամարդ էր գալիս, վերնազգեստը ձեռին։ Նրա կողքին մի ջահիլ աղջիկ մութ ու ծիծաղկոտ աչքերով։ Բերտան ակամա մտածեց. դա իրանց նման մի զույգ է։ Եվ նա պատկերացնում էր իրան ու Էմիլին ոչ թե գիշերային մութի մեջ, այլ լուսով լցված փողոցում, նրանց նման ձեռք-ձեռքի, ծիծաղկոտ ու երջանիկ աչքերով ննջելիս։ Երբ անցորդներից մեկնումեկը ուշադրությամբ նա–

129