Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այստեղ առանց որևէ բարձր մտածմունք։ Հանկարծ ջութակի հնչյուններ հասան իր ականջին։ Էմիլը սկսեց իր սոլոն։ Այդ նա է նվագում, նա՜... Բերտան տասը տարուց ավելի էր՝ չէր լսել Էմիլին, և այժմ իրան թվում էր, որ այդ տոնը նույնքան քնքույշ է, ինչպես և այն ժամանակ։ Բերտան ճանաչեց այդ տոնը, ինչպես մարդկային ձայնն են ճանաչում շատ տարիներ անց։ Ահա և սոպրանոն միացավ նրան։ Եթե միայն կարելի լիներ տեսնել երգչուհուն։ Ձայնը մաքուր է և թարմ։ Մի առանձին շկոլա չկա, բայց զգալի է մի ինչ-որ կապ ջութակահարի և այդ երգի մեջ... Իհարկե, Էմիլը ճանաչում է երգչուհուն, բայց... արդյոք այդտեղ ուրիշ ոչի՞նչ չի թաքնված։ Երգը լռեց։ Ջութակը մենակ էր հնչում։ Այժմ միայն Բերտայի հոգու խորքն էր թափանցում, միայն իր համար էր հնչում, կարծես ուզում էր հանգստացնել։ Ահա նորից մեջ է մտնում նվագախումբը, բայց ջութակի սոլոն սավառնում է մնացյալ հնչյունների վրա, և, կարծես, միայն մի ձգտումով է լցված՝ արձագանք գտնել Բերտայի հոգում։ Այդ սոլոն ասում էր. «Ես գիտեմ, որ դու այստեղ ես, ես միմիայն քեզ համար եմ հնչում»։ Նորից նվազեց երգեհոնը, սակայն ջութակը բոլորի վրա դեռ շարունակում էր իշխել։ Բերտայի սիրտը այնպես շարժվեց, որ աչքերը արցունքով լցվեցին։ Վերջապես ջութակի հնչյունները լռեցին։ Կարծես մյուս հնչյունների հորձանքները խեղդեցին նրանց։ Բերտան գրեթե չէր լսում։ Բայց, այնուամենայնիվ, երաժշտությունը նրան հանգստացրեց։ Րոպե առ րոպե նրան թվում էր, թե մյուս հնչյունների մեջ ջոկում է Էմիլի ջութակի ձայնը, և այդ ժամանակ նրան տարօրինակ, գրեթե հեքիաթական էր թվում այն, որ ինքը կանգնած է այստեղ, սյունին հենված, իսկ նա այնտեղ, վերևում, պյուպիտրի առջև և, որ դեռ երեկ նրանք միասին անցկացրին գիշերը մեկմեկու գրկում։ Եվ այստեղ կանգնած հարյուրավոր մարդկանցից ոչ մեկը չգիտե այդ։ Պետք է այժմ իսկ տեսնել Էմիլին.. նա կսպասե նրան սանդուխտի մոտ։ Նրա հետ չի խոսի... Միայն կնայե, թե ում հետ է դուրս գալու նա... Կտեսնի այն երգչուհուն, դեպի որը ինքը խանդոտություն զգաց։ Սակայն դա արդեն անցել է։ Նա գիտե, որ Էմիլը իրան չի խաբի։ Երաժշտությունը լռեց։ Ամբոխը

133