Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտային դեպի ելքը քշեց։ Նա ուզում էր սանդուխտի մոտ անցնել, բայց նրան հեռու հրեցին։ Ավելի լավ։ Էմիլին սպասելու ոչ մի կարիք չկա։ Ի՞նչ պիտի մտածեր նա։ Իհարկե, այդ բանը նրան դուր չէր գալու։ Ավելի լավ էր ինքը բոլորի հետ միասին դուրս կգա, իսկ երեկոյան կասե Էմիլին, որ լսել է նրան։ Բերտան նույնիսկ սկսել էր վախենալ, որ Էմիլը իրան նկատե։ Նա սանդուխտի աստիճաններից իջավ և հանդիպեց այն պառավին, որը իր նաժիշտի հետ այն կառքն էր նստում։ Բերտան ծիծաղեց, մտաբերելով, թե ինչպես անհանգստացրել էր իրան այդ կառքը։ Այժմ նրա բոլոր մյուս ահն ու անհանգստությունը նույնպես չքացավ։ Նրան թվում էր, որ մի նշանակալից բան պատահեց, և որ ինքը մի նոր կյանքի շեմքին է կանգնած։ Միայն այժմ իր կյանքը որոշ իմաստ ստացավ։ Ամբողջ անցյալը չնչին էր, համեմատած այն ահագին երջանկության հետ, որ նա զգում էր արվարձանի փողոցներով տուն դառնալիս։ Միայն, երբ հյուրանոց հասավ, այն ժամանակ զգաց նա, որ ամբողջ ճանապարհը անցել է կարծես թե քնած դրության մեջ և գրեթե չէր հիշում, թե ինչ ճանապարհով էր եկել և արդյոք մարդկանց հանդիպե՞լ է, թե՞ ոչ։ Նա ծառայից վերցրեց բանալին։ Ծառան նրան մի փոքրիկ նամակ և մանուշակների ու յասամանի մի փունջ տվեց...

Օ, ինչո՞ւ ինքն էլ գլխի չընկավ նրան ծաղիկ ուղարկելու։ Ի՞նչ կարող է գրել Էմիլը... Մի թեթև ահով նա բաց արեց նամակն ու կարդաց.

«Սիրելիս,

Չեմ կարող մի անգամ էլ չհայտնել քեզ իմ շնորհակալությունը այն հրաշալի երեկոյի համար։ Դժբախտաբար, մենք այսօր չենք կարող տեսնվել։ Ինձնից մի նեղանալ, սիրալի Բերտա, և մի մոռանա իր ժամանակին նախագուշացնել, երբ մյուս անգամ Վիեննա գալու լինես։

Ամբողջապես քո Էմիլ»։

Նա իր սենյակը վազեց... Ինչո՞ւ չի կարող այսօր տեսնվել իր հետ։ Ինչո՞ւ չի բացատրում պատճառը։ Ասենք, ինքը

134