Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հո բոլորովին չգիտե Էմիլի կյանքի պայմանները։ Չէ՞ որ այդ բոլորը նամակով բացատրելը շատ երկար կլիներ, և կարող էր այնպիսի ձև ընդունել, կարծես ներողություն է խնդրում իրանից։ Բայց, այնուամենայնիվ...

Ի՞նչ է նշանակում այդ «երբ մյուս անգամ Վիեննա գալու լինես»։ Ախր ինքը ասաց նրան, որ այստեղ դեռ մի քանի օր մնալու է... նա, իհարկե, մոռացել է այդ... Բերտան իսկույն նստեց ու գրեց նրան.

«Սիրելի Էմի՛լ.

Շատ ափսոսում եմ, որ դու ստիպվել ես հրաժարվել մեր այսօրվա տեսակցությունից։ Բայց, բարեբախտաբար, ես դեռ չեմ գնում։ Ուրեմն՝ խնդրեմ գրես, սիրելիս, ո՞ր ժամին կարող ես ընդունել ինձ դու վաղը կամ, գոնե, վաղը չէ մյուս օրը։

Հազար համբույր քո Բերաայից:

Հ. Գ. Չգիտեմ, նորից մեկ էլ երբ կգամ և չէի կամենա առանց քեզ հետ տեսնվելու հեռանալ այստեղից»։

Նա նորից կարդաց նամակն ու ավելացրեց. «Ես պետք է տեսնեմ քեզ»։

Բերտան շտապով դուրս եկավ և նամակը սուրհանդակին հանձնեց, հրամայելով, որ նա առանց պատասխան չդառնա։ Ապա նա վերադարձավ իր սենյակն ու մոտեցավ պատուհանին։ Նա չէր ուզում մտածել, ուզում էր այդպես կանգնել ու փողոց նայել։ Նա մտաբերեց, որ անցած օրերում, դեռ տանը ապրելիս, իր եղբայրների հետ նա հաճախ զբաղվում էր նրանով, որ նմանություն էր որոնում անցորդների ու ծանոթ մարդկանց մեջ։ Այժմ այդ դժվար էր, որովհետև իր սենյակը երրորդ հարկում էր և նմանություն գտնելը ավելի դժվար էր, բայց չէ՞ որ այս տարածությունը հեշտ էր դարձնում երևակայելը։ Սկզբում մի կին անցավ, որ Ագաթային էր հիշեցնում։ Հետո մի տղամարդ, որ նման էր կոնսերվատորիայի ուսուցիչներից մեկին։ Այդ մարդը թևանցուկ գնում էր մի կնոջ հետ, որը իր տագերկնոջ աղախնին էր հիշեցնում։ Երիտասարդ տղամարդը իր դերասան եղբոր կենդանի պատկերն էր։ Փողոցի մյուս կողմն էր անցնում գնդապետի հագուստով

135