Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի մարդ, որ իր հանգուցյալ հորն էր նման։ Հանկարծ այդ մարդը կանգ առավ, հայացքը վեր ուղղեց, կարծես Բերտային էր որոնում և հետո դարպասը մտավ ու անհետացավ։

Բերտան վախեցավ, կարծես իսկապես դա իր հանգուցյալ հայրն էր։ Նա դիտմամբ բարձրաձայն ծիծաղեց և փորձեց հեռու վանել ահը, որ տիրել էր իրան, փորձեց շարունակել իր խաղը, բայց այդ չհաջողվեց։ Նրա աչքերը միմիայն սուրհանդակին էին որոնում։ Ժամանակը կարճելու համար նա վճռեց ճաշել։ Ճաշը պատվիրելով՝ նորից մոտեցավ պատուհանին։ Իր ուշադրությունը մի ուրիշ բանով զբաղեցնելու համար նա այլևս չէր նայում այն կողմը, որտեղից սուրհանդակը պիտի երևար։ Սկսեց նայել օմնիբուսներին ու ձիաքարշերին, որոնք արվարձաններից էին գալիս և մարդկանցով էին լցված։

Նորից նկատեց այն գնդապետին, սիգարը բերանում ձիաքարշ նստելիս։ Այժմ ոչ մի նմանություն չգտավ իր հոր և այդ գնդապետի մեջ։ Դռան մոտ աղմուկ լսվեց: Նա ետ նայեց՝ սպասավորն էր։ Ճաշի ժամանակ նա շատ քիչ կերավ, բայց շտապով սկսեց գինի խմել։ Քունը տանում էր, և նա կուչ եկավ բազմոցի անկյունում։ Մտքերը շփոթվում էին, ականջներում աղմկում էին եկեղեցում նվագող երգեհոնի հնչյունները։ Նա աչքերը փակեց և իսկույնք կարծես մի կախարդական զորությամբ, նրա առջև կանգնեց երեկվա սենյակը, սպիտակ անկողինը, կարմիր վարագույրները։ Ինքը նստած էր դաշնամուրի առաջ, միայն թե այժմ նրան գրկողը մի ուրիշն էր, և այդ ուրիշը Ռիխարդն էր։ Բերտան աչքերը դժվարությամբ բաց արեց։ Նա ինքն իրան բոլորից մոռացված զգաց, և նրան մի սարսափ տիրեց, կարծես հատուցում էր սպասում իր կես-քուն, կես-արթուն երազների համար։ Նորից մոտեցավ պատուհանին։ Մի հավիտենություն էր անցել, ինչ սուրհանդակին ուղարկել էր։ Նորից կարդաց նամակը։ Նրա աչքերը կանգ առան վերջին խոսքերի վրա. «ամբողջապես քոնը»։ Բերտան այդ խոսքերը արտասանեց բարձրաձայն։ Մի առանձին քնքշությամբ մտաբերեց, թե ինչպես էր արտասանում այդ Էմիլը երեկ գիշերը, երևակայեց նամակը, որ պիտի ուղարկե իրան, ուր գրած կլինի հետևյալը.

136