Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտան նամակը կարդաց ու հանգստացավ։ Ապա վճարեց սուրհանդակին, և այդ ժամանակ մտքովն անցավ, որ դա իր բյուջեի համար քիչ փող չէ։ Նստեց և աշխատում էր իր խառն մտքերը պարզել։ Այլևս այստեղ մնալ չի կարելի, միայն ափսոս որ գնացք չկա։ Սեղանի վրա մնացել էր գինու կիսատ շիշը, ափսեի մոտ թափթփված էին հացի փշրանքներ, անկողնի վրա ընկած էր իր ամառնային հագուստը, իսկ դրա կողքին՝ Էմիլի ուղարկած ծաղիկները։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Մի՞թե վերջ... Աղոտ կերպով մտաբերեց նա մի տեղ կարդացած ֆրազը տղամարդկանց մասին, որոնց այլևս ոչինչ հարկավոր չէ, եթե «հասել են իրանց նպատակին»։ Եվ կարծես թե այդ ֆրազը կապ ուներ նոր կատարված դեպքերի հետ։ Բերտան միշտ էլ համարել էր այդ մի դատարկ վիպական ֆրազ։ Բացի այդ, սա հո հրաժեշտի նամակ չէ... Իսկ եթե... Եթե այդ քաղցր խոսքերը միայն սուտ են... Սուտ են, ահա թե ինչ։ Առաջին անգամ այդ վճռական «սուտ» խոսքը ծագեց նրա մտքում։ Իհարկե, դեռ երեկոյան, իրան ճանապարհ դնելիս, Էմիլը արդեն որոշած է եղել այդ։ Եվ նրա ծրագրները այսօրվա վերաբերմամբ. նրա երեկ հայտնած ցանկությունը՝ Բերտային իր մոտ տեսնել, այդ բոլորը սուտ էր։

Բերտան աշխատում էր մտաբերել երեկվա երեկոն, աշխատում էր հասկանալ, թե ինչո՞վ կարող էր ինքը Էմիլին հիասթափեցրած լինել։ Ամեն ինչ այնպես լավ էր։ Էմիլը նույնքան երջանիկ էր երևում, ինչպես և ինքը՝ Բերտան։ Մի՞թե դա էլ սուտ էր։ Ի՞նչ կարող էր իմանալ նա։ Գուցե իր կամքին հակառակ մի բանով վրդովել կամ վիրավորել է նրան։ Իր ամբողջ կյանքում նա կարգին կին էր եղել... Ո՞վ գիտե, ի՞նչ հիմարություն կամ անպատեհություն կարող էր պատահել այն անսովոր պայմաններում։

Գուցե այն րոպեին, երբ քնքշությամբ լի անձնատուր էր լինում նրան, ոգևորված և ոգևորելով նրան՝ ինքը ծիծաղելի էր կամ զզվելի։ Ի՞նչ գիտե ինքը այդ բաների մասին։ Այժմ Բերտան մի տեսակ զղջում զգաց, որ ինքը անձնատուր եղավ Էմիլին առանց այդ բանին պատրաստվելու, ամբողջ կյանքը իբրև ազնիվ կին ապրած, առանց մինչ այդ սիրեկան ունե-

138